չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թե ինչու են այդ երկու գերին վերադարձվել, թույլ տվեք թող անվտանգության մարմինները այդ փակագծերը չբացեն ձեր առաջ․ Քոչարյան

Թե ինչու են այդ երկու գերին վերադարձվել, թույլ տվեք թող անվտանգության մարմինները այդ փակագծերը չբացեն ձեր առաջ․ Քոչարյան

Ռուբեն Ռուբինյանն ունի առավելություններ, նա ԱԺ նախագահի տեղակալ է, դրանից առաջ եղել է արտգործնախարարի տեղակալ, նա, համոզված եմ, ունի ներկայանալի աշխատակազմ բանակցելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից որպես պատվիրակ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։

Հարցին` չարտերային թռիչքների բացման պարագայում պատրաստ են մեկնել Ստամբուլ, Քոչարյանը պատասխանեց. «Դուք կասկածո՞ւմ եք մեր պատրաստակամության վրա։ Կան պաշտոնյաներ, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում կանգ չեն առնում վտանգների առաջ։ Գործընթաց է գնում, որը պետք է միտված լինի հրադադարի ռեժիմի պահպանմանը և խաղաղության հաստատմանը, առանց մեր ինքնիշխան շահերի կորստի»։

Քոչարյանը չպատասխանեց հարցին` ինչի դիմաց են վերադարձրել օրերս հայ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողները։

«Ամիսներ առաջ, երբ գերիների հարցի շահարկման պրոցեսի մեջ էինք հայտնվել, մի արտահայտություն արեցի` վերջին հաշվարկով մեր երկիրը պարտավոր է լուծել գերիների խնդիրը, կարող է գալ մի պահ, երբ գերիների փոխանակումը տեղի ունենա գերիների հետ, դա էլ է պետության իրավասության շրջանակներում։ Մենք կռվելով պետք է կայացնենք մեր բանակը, բանակը մենք դարձրել էինք դիրքային բանակ։ Գերիների խնդիրը անպայման լուծվելու է, բոլորը բոլորի հետ, եթե այդ գերիները հանձնվել են հակառակորդին, ուրեմն այդտեղ մեր շահերից բխող խնդիր գոյություն ունի։

Շատ հնարավոր է մեկ գերին փոխանակվի 10-ի հետ, այստեղ խնդիրը նրանց հավասարազոր փոխանակումը չէ։ Թե ինչու են այդ երկու գերին վերադարձվել, թույլ տվեք թող անվտանգության մարմինները այդ փակագծերը չբացեն ձեր առաջ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: