կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը ատեստավորման գործընթացին

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։
 
Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։
 
Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ 
 
Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
 
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը սույն գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։
 
Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։
 
Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։
 
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։

  • Կիսվել: