չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեղծվելու է հայ–չեխական ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ

Ստեղծվելու է հայ–չեխական ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ

Հայ–չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով «Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
 
«Ըստ համաձայնագրի` սահմանվելու են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը։ Համաձայնագրում լինելու են նաև ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ»,– ասաց Սարգսյանը։
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. ապրիլի 9-ին։
Այդ առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու են 4 տարի անց որոշել վավերացնել այն, եթե Հայաստանի համար կարևոր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Արման Սարգսյանը շեշտեց, որ Չեխիայի խորհրդարանն այս տարի է դրական եզրակացությամբ ընդունել օրինագիծը և դա պայմանավորված է եղել Covid-ի համավարակով, իսկ Հայաստանում՝ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմով։
Հանձնաժողովը 7 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տվեց օրինագծին։

  • Կիսվել: