շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպան ինչո՞ւ էր վառարան վառում, պահպանված չէին ոչ միայն հրդեհային անվտանգության, այլև ընդհանրապես անվտանգությանն առնչվող այլ կանոններ. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական հրդեհի մասին

Սպան ինչո՞ւ էր վառարան վառում, պահպանված չէին ոչ միայն հրդեհային անվտանգության, այլև ընդհանրապես անվտանգությանն առնչվող այլ կանոններ. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական հրդեհի մասին

Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսեւորումներով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին։

Քոչարյանի խոսքով՝ ինքը երեկ այցելել էր ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, տեղում ծանոթացել դեպքի մի շարք հանգամանքների։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայտնի է, որ տեղի է ունեցել հրդեհ, ինչի արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ։ Հրդեհի պատճառները խորությամբ ուսումնասիրելու համար ես հանձնարարեցի, որ ուժային կառույցները եւ զինվորական ղեկավարությունը գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը՝ առավոտվանից մինչեւ հրդեհի պահը, եւ դրանից հետո մենք հասկանանք՝ որտեղ եւ ինչ թերացում է եղել, իսկ թերացումներն ակնհայտ են առաջին հայացքից։ Պահպանված չէին ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլեւ ընդհանրապես անվտանգությանն առնչվող շատ կանոններ եւս՝ հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների... բազմաթիվ խնդիրներ կան՛՛։

Ըստ պատգամավորի՝ քննության արդյունքում միայն կկարողանան հստակ հասկանալ, թե բացթողումների պատճառները որտեղ են։

՛՛Սպան ինչո՞ւ էր վառարան վառում, ո՞ւր էին այն զինվորները, որոնք պետք է նաեւ իրականացնեին այդ գործողությունները։ Երկու հոգի դրսում են եղել հերթապահ, նրանք չեն մահացել․ նրանք շատ կարեւոր վկայություն պետք է հաղորդեն նախաքննական մարմնին։ Փրկվել են նաեւ մի քանի զինվորականներ, որոնք հերթապահների աջակցությամբ կարողացել են ճաղավանդակները բացել եւ դուրս գալ։ Դասակի հրամանատարը հաստատեց, որ բենզին իրոք տարածքում չի եղել։ Ո՞նց են կացարանից 10-15 մետր հեռավորությունում դրված բենզինները հայտնվել կացարանում։ Որպես կպչան միշտ օգտագործվել է դիզվառելիքով համեմված մասը, որը որպես կանոն հրավտանգ չէ։ Բոլորը գիտեն, որ կրակի վրա բենզին չեն լցնում՛՛,-նշել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաեւ կապիտան-զինվորներ փոխհարաբերությունների խնդիրներին: Այս առնչությամբ Քոչարյանն ասել է. ՛՛Դրանք բանակի չլուծված խնդիրներն են, որոնք լուծումներ են պահանջում, դրանց լուծումների պահանջման համար ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ԶՈւ սպայակազմը պետք է այս խնդիրների մեջ լինեն շատ հետեւողական։ Չի բացառվում, որ բանակում էլի լինեն նման օջախներ, որ հրամանը՝ հրաման, բայց դրա կատարումը դրվում է մի կողմ...՛՛:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը և այլ պաշտոնյաներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: