չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սկզբունքորեն կողմ եմ, որ սահմանապահ զորքերն անցնեն մեր սահմանների պաշտպանությանը. Վանեցյան

Սկզբունքորեն կողմ եմ, որ սահմանապահ զորքերն անցնեն մեր սահմանների պաշտպանությանը. Վանեցյան

Զավեշտալի է, երբ ադրբեջանական տեղանուններ նշելու արդարացումը Փաշինյանի թիմակիցները բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը այդ տեղանունները նշել է, որպեսզի ընդգծի՝ ադրբեջանական զինուժը չի մտել հայկական տարածք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Որևէ մեկը կարող էր պատկերացնել, որ մի օր ՀՀ միջպետական ճանապարհը փակվելու է ադրբեջանցիների կողմից ու որևէ արձագանք իշխանությունների կողմից, բացի խաղաղություն աղերսելուց, չի լինելու: Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին, ես պաշտպանում եմ խաղաղության օրակարգը, բայց այն պետք է լինի արժանապատիվ:

Զարհուրելի է ուղղակի, ԱԺ-ում ես ասում եմ՝ Սյունիք տանող միջպետական ճանապարհը փակ է, ինձ ոչ թե ասում են, թե ինչ պետք է անել կամ ինչու է այդպես, այլ ասում են՝ դու չես հասկանում՝ այլընտրանքային, գրունտային ճանապարհ կա՛՛:

Ըստ Վանեցյանի՝ ՛՛էժան փիառ է՛՛ այն, որ պաշտպանութան նախարարի հրամայել է ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում կրակել: Այս առնչութամբ Վանեցյանն ասաց. ՛՛Այդ երբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման է տալիս: Չի կարելի մարդկանց մոլորեցնել և էժան փիառ անել՛՛:

Նա խոսեց նաև սահմանապահ զորքերի կողմից սահմանը պաշտպանելու մասին հայտարարությունների վերաբերյալ և ասաց. ՛՛Ես սկզբունքորեն կողմ եմ, որ սահմանապահ զորքերն անցնեն մեր սահմանների պաշտպանությանը, և ԶՈւ ստորաբաժանումները զբաղվեն իրենց մարտական պատրաստվածությամբ:

Բայց ես շատ լավ գիտեմ՝ ինչ վիճակում են սահմանապահ զորքերը, ինչ մարդկային կորուստ ունեն և այդ մարդկային ռեսուրսով ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը այս փուլում հնարավոր չէ: Ամեն դեպքում ճիշտ է, որ սահմանապահ զորքերը իրականացնեն ՀՀ սահմանների պաշտպանությունը՛՛:

Վանեցյանն ասաց նաև, որ ՀՀ-ում անվտանգային համակարգը խարխլվել է: ՛՛Անվտանգությունը մի գործոն է, որը անտեսանելի է, այն կամ կա, և դու այն չես զգում, կամ չկա, և սկսվում է խուճապ՛՛,-նշեց նա:

Նա հավելեց՝  կան հիմնավոր կասկածներ այն մասին, որ քննարկումներ կան մեկ այլ փաստաթղթի շուրջ, որի մասին հանրությունը չգիտի:

  • Կիսվել: