ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շատ կարևոր է, որ բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն. Սուրեն Պապիկյանը՝ Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման մասին

Շատ կարևոր է, որ բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն. Սուրեն Պապիկյանը՝ Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման մասին

Ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը այն դեպքում, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էին եկել և հիմա են նոր վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմն այդ դիրքերը չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց որևէ բախման այդ դիրքերի զբաղեցում, և ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներն են այնտեղ տեղակայված: Այս հարցերն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարարին ուղղեց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նկատի ունենալով Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացումը:

՛՛Քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց մի նախագծի, որով նախատեսվում էր քրեական հետապնդում այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեին ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Նման մի երևույթ տեղի է ունեցել վերջերս Ներքին Հանդում, երբ թշնամին հերթական անգամ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և բնակիչներն են արոտավայր գնալիս նկատել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում։ Սկզբում ՊՆ-ն հերքում էր, հետո հաղորդագրություն տարածվեց, որ այո, այնտեղ տեղակայված են ադրբեջանցիներ, բայց դա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է՛՛,-ասաց Գրիգորյանը:

Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ շատ կարևոր է, որ բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն։ 

՛՛Այն, ինչ Դուք ասում եք, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Խոսքը վերաբերում է նրան, որ՝ թե գիտեք, պատահական գյուղացին գնաց ու հայտնաբերեց, որ հակառակորդը հայտնվել է իքս դիրքում։ Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին Պաշտպանության նախարարությունը տեղյակ չէր, կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին։ Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք, դա ձեր գործելաոճն է հրապարակայնացնել այն, ինչը կարիք չկա հրապարակայնացնելու։ Դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին՝ խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ, համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից՛՛:

Պապիկյանի խոսքով՝ դրանք ապացուցված փաստեր են: Նա նաև ասաց. ՛՛Ես չեմ կարող այս ամբիոնից հաստատել այն կեղծիքն ու ասել, որ, այո, ճիշտ էր ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանել այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից։ Սա սովորական մանիպուլյացիա է, մինչև երբ դա պիտի դառնա հանրային քննարկման առարկա, որպեսզի ՊՆ-ն ստիպված լինի խոսել նրա մասին, որ իքս ժամանակաշրջանում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել ենք իքս տեղերում դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այլ դիրքեր։ Ի՞նչ, հրապարակային նշե՞նք՝ ո՛ր հատվածներում են գտնվում մեր դիրքերը։ Լավ, վերջապես մենք պիտի ունենանք հանրային գիտակցություն, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով։ Ես ամաչում եմ նրա համար, որ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել և ոչ թե փնտրել առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը: Վերջ տվեք այս գործելաոճին, սա լավ տեղ չի տանում՛՛:

  • Կիսվել: