չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան

Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ասուլիսի ընթացքում:

«Մեկ տարի առաջ պաշտպանության վերաբերյալ որոշում ընդունեցինք, և, կարծում եմ՝ զարգացնելու ենք: Ես մենակ չեմ եկել Հայաստան, մեր պատվիրակության կազմում են Սենատի ներկայացուցիչներ, պատգամավորներ նաև Եվրոպայից: Նրանք ևս նշում են այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Հայաստանին: Պատվիրակության կազմում են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ և, իհարկե, արդյունաբերողներ, որոնք Ֆրանսիայում ռազմարդյունաբերության հիմքում են: Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսանկյունից կարևոր է վերապատրաստումը, և դրա վերաբերյալ էր ստորագրված փաստաթուղթը: Կլինեն սպաներ, ենթասպաներ, որոնք կվերապատրաստվեն մեր ռազմական դպրոցներում: Արդեն կա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում և կուղղորդի նաև օդային պաշտպանության ոլորտում՝ հօգուտ ձեր բարեփոխումների:

Երեկ երեկոյան դուք արդեն ստացաք գիշերային տեսանելիության սարքերի, հեռադիտակների առաջին խմբաքանակը: «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակը նույնպես կլինի, շատ չմանրամասնեմ՝ ինչ սարքավորումներ են գալու, բայց դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակություն ունեն, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:

Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այդ ջանքերը թույլ կտան ձեզ ձեր սահմանները լավագույնս պաշտպանել: ՀՕՊ-երի մասին նույնպես խոսեմ՝ եթե Հայաստանը հրթիռների կարիքը ունենա, դրանք ևս կլինեն ձեր տրամադրության տակ: Եվ դա է հավատարիմ ու վստահելի գործընկեր լինելու հանձնառությունը, երբ խոսքը տվյալ երկրի սուվերենությանն է առնչվում»,- ասել է Լըկորնյուն:

  • Կիսվել: