երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս սահմանապահները դիրքեր են զբաղեցրել հայ-ադրբեջանական սահմանի ամենազգայուն հատվածներում. Կոպիրկին

Ռուս սահմանապահները դիրքեր են զբաղեցրել հայ-ադրբեջանական սահմանի ամենազգայուն հատվածներում. Կոպիրկին

Սյունիքի մարզ այցելությունը հասունացել է, ես այն ծրագրել եմ, քանի որ այն շատ զգայուն տարածաշրջան է ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային մասշտաբով։ Այս մասին Arminfo-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով Սյունիք կատարած այցին։

Նա նշել է, որ ՀՀ հարավային շրջան է այցելել դեսպանության ռազմաօդային կցորդի, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալի հետ:

"Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչքանով է այս տարածաշրջանում իրավիճակը կարևոր և զգայուն Հայաստանի, հայ բնակչության համար։ Եվ դրանով է պայմանավորված հայ - ադրբեջանական սահմանի ամենազգայուն հատվածներում ռուս սահմանապահների զբաղեցրած դիրքերը, որն իրականում դուրս է պայմանագրային պայմաններից", - ասել է դեսպանը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում սահմանի թուրքական և իրանական հատվածներում:

Դրա հետ մեկտեղ ռուս դիվանագետն արձանագրել է, որ շատ լուրջ ջանքեր են ձեռնարկվել ՝ նյութական եւ կազմակերպչական, որպեսզի ռուսական սահմանապահ ներկայությունը մեծանա` տեղակայվեն առավել զգայուն հատվածներում եւ դրանով ապահովվի անվտանգությունն ու կայունությունը սահմանին:

"Եվ շատ կարեւոր է, դրանով իսկ որոշակի լրացուցիչ տարր հաղորդել տեղի բնակչությանը՝ հանգստության եւ վստահության տեսանկյունից, որը հայտնվել է մարտական գործողությունների ավարտից հետո իր համար բոլորովին անսովոր վիճակում",-ասել է Կոպիրկինը:

Դեսպանը տեղեկացրել է, որ այցելել է ռուսական դիրքեր, եղել է նաեւ այն դիրքերում, որտեղ ծառայություն են իրականացնում հայ սահմանապահները եւ դրական տպավորություններ է ունեցել․

"Շատ լավ, եղբայրական փոխգործակցություն է ստեղծվել ռուս և հայ սահմանապահների միջև։ Զգացվում է, որ մարդիկ իսկապես մի բան են անում, ինչը շատ կարեւոր է"։

Միաժամանակ նա նշել է, որ ծանոթացել է ռուսական 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի գործունեությանը, որի մի մասը տեղակայված է Գորիսում, իսկ ավիացիոն բաղադրիչը Սիսիանում:

"Ես տպավորված էի, թե որքան արագ հաջողվեց տեղակայել այդ խումբը, այսինքն՝ զինծառայողները գտնվում են շատ լավ պայմաններում և պատրաստ են արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխության։ Իսկ դա շատ կարևոր է և լրացուցիչ կայունության, հանգստության և խաղաղության տարր է տարածաշրջանում։ Որքան ես հասկանում եմ, մեր սահմանապահներին եւ զինվորականներին հաջողվում է նորմալ կառուցողական հարաբերություններ պահպանել նաեւ ադրբեջանական կողմի հետ համապատասխան կոնտակտային անձանց միջոցով", - նկատել է Կոպիրկինը՝ համոզմունք հայտնելով, որ վերոնշյալը ծառայում է նրան, որ տարածաշրջանում լինի բավականին կայուն, հանգիստ մթնոլորտ:

Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ հայկական կողմի հետ այդ բոլոր համատեղ ջանքերը, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը, թույլ կտան պահպանել խաղաղությունն ու հանգստությունը ստեղծված իրավիճակի ողջ բարդության դեպքում:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է իր զինվորականներին (սահմանապահներ, խաղաղապահներ) տեղակայելու հնարավորությունը Գեղարքունիքի մարզի սահմանին, Հայաստանի սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին եւ հաշվի առնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի առաջարկը, դեսպանը նշեց, որ այս պահին պատրաստ չէ խոսել մանրամասների մասին, քանի որ այդ գործընթացի մաս չի կազմում:

"Բայց, որքան ես հասկանում եմ, տարբեր տարբերակներ քննարկվում են։ Կարծում եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի իրավիճակը կայունանա, եւ երկրի բնակչությունն իրեն ավելի հանգիստ եւ վստահ զգա, չնայած նույնիսկ այն հույզերին, որոնք այժմ հրահրում է ներքաղաքական իրավիճակը, առաջիկա ընտրությունները", - ամփոփել է դեսպանը՝ մեկ անգամ եւս կարեւորելով անվտանգության ոլորտում հայ - ռուսական փոխգործակցությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: