շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոմիկ Մխիթարյանը մեր ընկերն է, բայց հարցը այլ է. ԵԿՄ-ականները հանձնեցին անդամատոմսերը

Ռոմիկ Մխիթարյանը մեր ընկերն է, բայց հարցը այլ է. ԵԿՄ-ականները հանձնեցին անդամատոմսերը

Այսօր ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ընդհանուր վերընտրական ժողովի ժամանակ Կենտրոն բաժանմունքի ղեկավար ընտրվեց Ռոմիկ Մխիթարյանը:

Նշենք, որ շուրջ երկու ամիս առաջ նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել:

Ընտրությունն անցավ լարված մթնոլորտում. Երկրապահ կամավորականների միության Կենտրոն բաժանմունքի հիմնադիրներից «Սպանդարյան» ջոկատի մի քանի տասնյակ ազատամարտիկներ բոյկոտեցին ընտրությունը և չմասնակցեցին: Նրանք նույնիսկ անդամատոմսերը հանձնեցին:

Հիշեցնենք, որ Ռոմիկ Մխիթարյանը ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի ԺՊ նշանակվելուց առաջ եղել է Շենգավիթի տարածքային բաժանմունքի պետ: Սա դարձել էր Կենտրոնի բաժանմունքի ազատամարտիկների դժգոհության պատճառը, քանի որ նրանք ցանկանում էին, որ Կենտրոն տարածքային բաժանմունքի ղեկավար ընտրվի հենց Կենտրոն տարածքային բաժանմունքից:

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը նշեց.«Սա Կենտրոն տարածքի ընտրություն չէր, երևի ընթացքում մարդկանց բերել են, գրանցել են որպես Կենտրոնի տարածք: Մենք էլի մնում ենք ազգի զինվոր, իսկ Ռոմիկ Մխիթարյանը մեր մարտական ընկերն է, կա ու կմնա, բայց այստեղ հարցը այլ է: Քանդված վիճակից բերել, հասցրել ենք էս վիճակին, իսկ այսօր մեր չարչարանքով ստեղծած բաժանմունքում ընտրությանը չենք մասնակցում: Էս «Սպանդարյանի» ու «Կենտրոնի» տարածքային կազմակերպությունն էր ու «Սպանդարյանի» տղերքին ընդհանրապես ոչ մի ձայն չհասավ»,-ասաց ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Ղարիբյանը:

Այնուամենայնիվ, ժողովը շարունակվեց, և, ինչպես վերը նշեցինք, Ռոմիկ Մխիթարյանն ընտրվեց ԵԿՄ Կենտրոն բաժանմունքի ղեկավար:

Նշենք նաև, որ ընտրությունը բոյկոտած՝ Կենտրոն տարածքային բաժանմունքի անդամներն ավելի վաղ նամակ էին գրել, որտեղ խնդրել էին ընտրությունները հետաձգել 10-15 օրով, սակայն նրանց խնդրանքը մերժվել էր:

  • Կիսվել: