հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռազմական պետպատվերի շրջանակում գնումն իրականացվում է Հայաստանի ներսում, Հայաստանի արտադրողներից․ Փոխնախարար

Ռազմական պետպատվերի շրջանակում գնումն իրականացվում է Հայաստանի ներսում, Հայաստանի արտադրողներից․ Փոխնախարար

Ռազմաարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները գնումների ընթացակարգի հետ կապված ունեն մտահոգություններ, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Նա նիստը վարող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին առաջարկեց նրանց և կառավարության անդամների մասնակցությամբ կազմակերպել քննարկում, գույքագրել խնդիրները և օրենսդրական կարգավորումներով լուծում տալ դրանց։

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին, ընդունելով, որ նման մտահոգություններ իսկապես առկա են, նշեց, որ հայրենական արտադրողի ռազմաարդյունաբերական արտադրանքը պետք է որակյալ ու մրցունակ լինի, որպեսզի երկրի սահմաններից դուրս պահանջարկ վայելի։

 Հանձնաժողովի նիստին ներկա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը արձագանքեց․ «Միգուցե մեխանիզմները կատարյալ չեն, բայց որոշ չափով այդ հարցը արդեն իսկ լուծված է թե ինչպես ենք մենք խրախուսում մեր տեղական արտադրողին։ Ռազմական պետպատվերի մասին որոշում կա կառավարության, որն արդեն իսկ կարգավորում է գնումների դաշտը։ Հիշեցնեմ՝ ռազմական պետպատվերը այն գնումն է, որը իրականացվում է Հայաստանի ներսում, Հայաստանի արտադրողներից, իսկ ռազմական պետպատվերի պրոցեսը իրականացվում է Ռազմաարդյունաբերական համալիրի կողմից։ 2021 թվականի համար ռազմական պետպատվերի ձևավորումն ընթացքի մեջ է, և հաջորդ տարվա գնումների գործընթացում մենք կտեսնենք էականորեն տարբերվող պատկեր»։

Փոխնախարարի խոսքով, նախարարությունը և Ռազմաարդյունաբերական համալիրի միջև կա համագործակցություն գնումների գործընթացում։

  • Կիսվել: