ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանն ափսոսանք հայտնեց, որ Օնիկ Գասպարյանը «ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր»

Քոչարյանն ափսոսանք հայտնեց, որ Օնիկ Գասպարյանը «ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, և, ի տարբերություն շատերի, որոնք, նրա խոսքով, կաշկանդված են, Գասպարյանը միանգամից արձագանքել է մասնակցությանը:

՛՛Այսօր էլ ավելի քան 6 ժամ հանձնաժողովը լսեց նրան։ Այն, ինչ մենք արձանգրեցինք այսօր, շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնական լուծելու համար՛՛,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումը դեռ շարունակվելու է։

Քոչարյանը նաև հայտնեց, որ Գասպարյանի այցելությունից առաջ էլ քննիչ հանձնաժողովում է եղել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Էդուարդ Ասրյանը։

՛՛Բնականաբար ունենք ցանկ` ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյաներով։ Սկսեցինք ներկայիս շտաբի պետով` հաշվի առնելով նրա նախկին պաշտոնն ու ինֆորմացված լինելը՛՛,-նշեց նա:

Ավելի քան 6 ժամվա ընթացքում, ըստ Քոչարյանի, քննարկվել են տարբեր մանրամասներ` սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինություն ու կադրային համալրում։
Նա նաև ափսոսանք հայտնեց, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։

՛՛Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ:

Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել՛՛,-ասաց Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնել էր նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը։

Հավելենք, որ ՀՀ նախագահը Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը ստորագրել էր 2021-ի մարտի 10-ին։

Օնիկ Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։
2022–ի հունիսի 8–ին Վարչական դատարանը մերժեց այդ հայտը։

  • Կիսվել: