ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի վերաբերյալ ՊՆ-ից 10.000 էջից ավելի փաստաթուղթ է ստացել․ Քոչարյան

Քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի վերաբերյալ ՊՆ-ից 10.000 էջից ավելի փաստաթուղթ է ստացել․ Քոչարյան

ԱԺ-ում քննարկվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց վերջին վեց ամսում հանձնաժողովի կատարած աշխատանքը, տեղեկացնելով, որ ՊՆ է ներկայացվել 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկ. «ՊՆ-ն շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10 հազարից ավելի էջ ծավալով»։

Ըստ նրա, հանձնաժողովում մանրակրկիտ ուսումնասիրվում են այդ փաստաթղթերը, ինչի արդյունքում կարիք է առաջացել ՊՆ-ից ու պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր ու տվյալներ։

Քոչարյանն ասաց, որ այս պահին հանձնաժողովը զբաղված է նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ ու տեղեկությունների համադրմամբ։ Դրա հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը. «Հանձնաժողովը կազմել է հրավիրյալների ցանկը, չնայած, տեղյակ պահեմ, որ երկու հրավիրյալի արդեն նամակ ուղարկել ենք։ Պարոն Վարդան Օսկանյանը հեռահար ճանապարհով իր դժգոհությունն արտահայտել է, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու անհրաժեշտությունը»։

  • Կիսվել: