ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաղաքական գործիչներ էլ ունենք ում զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ բանակում չծառայեն. Պապիկյան

Քաղաքական գործիչներ էլ ունենք ում զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ բանակում չծառայեն. Պապիկյան

Այո, խնդիրն արդիական է, բայց խնդիրը մի քանի շերտեր ունի, ամեն ինչ այնքան պարզ չէ: Այս մասին այսօր  ԱԺ-ում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ արդյոք կարող ենք երկքաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերին, որոնք ենթակա են զորակոչի ՀՀ-ում, սակայն այլ երկրում արդեն իսկ զինվորական ծառայություն անցել են, և ՀՀ-ում ռեզիդենտ բնակիչ չեն, նման անձանց ազատել նորից Հայաստանում ծառայելու պարտավորությունից:  

«Օրենքի ընդունման պարագայում այն տարածվելու է նաև այնպիսի քաղաքացիների վրա, ովքեր ոչ միայն կապված են ՀՀ-ի հետ. քաղաքական գործիչներ էլ ունենք ում զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում են քաղաքացիություն, և բնականաբար, ինչ-որ փուլում ազատվում են զինվորական ծառայությունից՝ իբր ազատվում են:

Ես գիտեմ ինչ եք ասում՝ դուք խոսում եք ջավախահայության մասին, այն քաղաքացիների մասին, ովքեր Վրաստոնւմ ծառայություն են անցել, ունեն զինվորական գրքույք, բայց քանի որ երկքաղաքացի են, բայց ծնողների բերումով դառնում են ՀՀ քաղաքացի, իրենք դառնում են զինապարտ»,- ասաց Պաշտպանության նախարարը և ընդգծեց, որ պատրաստ են քննարկել, սակայն այդտեղ բազում խութեր կան:

«Պատրաստ ենք քննարկել, բայց խորքային քննարկել։ Մենք չենք կարող առանձնացնել մի խումբ, բայց մի կողմ դնել ռուսաստանաբնակ հայության, ամերիկաբնակ հայության, մեր սփյուռքահայությունը սփռված է ամբողջ աշխարհում և այս հարցերն առնչվում են բոլորին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նաև խնդիր ունեինք հնարավորություն ընձեռելու ՀՀ քաղաքացիներին վաղաժամկետ զինվորական ծառայությունից ազատվելու և պահեստազորում գրանցվելու՝ այս նախագիծը չնայած առկախված է այս պահին, այն շարունակում է լինել արդիական, դրան մենք դեռ անդրադառնալու ենք»,- ասաց նախարար Պապիկյանը:

Նա ընդգծեց, որ ժամանակի բերումով և վերջին իրադարձությունները հաշվի առնելով Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար չի համարել այդ հարցին հիմա անդրադառնալու՝

«Բայց, մենք սրան անդրադառնալու ենք և դրա շրջանակներում լուծելու ենք նաև Ձեր բարձրաձայնած խնդիրը: Շարունակենք քննարկել և փորձել լուծումներ գտնել, եթե այլ լուծումներ կլինեն»,- նշեց նախարարը:

  • Կիսվել: