կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պրոֆեսիոնալ բանակը մեր կառավարության գերակա նպատակներից է․ Սուրեն Պապիկյան

Պրոֆեսիոնալ բանակը մեր կառավարության գերակա նպատակներից է․ Սուրեն Պապիկյան

Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը: Այս մասին հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մարտական բարձր կարողություններով ու անկոտրում հոգով օժտված, առաջադրված խնդիրները կատարելու և հնարավոր մարտահրավերը դիմակայելուն պատրաստ, 21-րդ դարի պահանջներին հարիր պաշտպանունակ զինուժ ձևավորելու ճանապարհին, բարձր գնահատելով շարքայինից մինչև գեներալ մեր բանակի ամբողջ անձնակազմի անձնվեր ծառայությունը, հայրենիքի սահմանների անխախտ պահելու նրանց ջանքերն ու ձեռքբերումները, մենք արձանագրեցինք նաև բազում չլուծված խնդիրներ և բացթողումներ և շարունակեցինք մեր դժվար, բայց հաստատուն ընթացքը բարեփոխումների և կատարելագործման աստիճաններով:

Հայտնի խոսքը, թե կադրերն են որոշում ամեն ինչ, չի կորցրել իր արդիականությունը, որովհետև ժամանակակից տեխնոլոգիաների կատարելագործումն ու ռազմատեխնիկական առաջընթացը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ էլ ավելի են կարևորում մարդկային գործոնը, տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արհեստավարժ, զարգացած, բանիմաց ու կիրթ զինվորական ձևավորելու անհրաժեշտությունը՝ դարձնելով անշրջելի իրողություն»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը զինծառայողների ատեստավորման գործընթացի մեկնարկը այդ ճանապարհի ամենակարևոր քայլն է համարում 2023 թվականի ընթացքում:

«Մենք սահմանեցինք զինծառայողների արհեստավարժության բարձր նշաձող՝ գաղափարի հիմքում դնելով և՛ ֆինանսական, և՛ ինքնակատարելագործման, և՛ բարոյահոգեբանական ենթատեքստ: Վստահ ենք, որ սպաների կամավոր ատեստավորման գործընթացը բանակում կստեղծի այնպիսի մթնոլորտ ու բարոյախոսություն, որը կմերժի միջակությունն ու կխրախուսի բարձր արհեստավարժությունը, ինչն էլ իր հերթին հետզհետե կընդլայնի ատեստավորման ծավալները: Ատեստավորման համակարգի ներդրմամբ, որն ընթացքում ավելի կկատարելագործենք, քայլ առաջ արեցինք դեպի պրոֆեսիոնալ բանակ, ինչը մեր կառավարության գերակա նպատակներից է»,-նշեց Պապիկյանը:

  • Կիսվել: