կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փոքր մարմնիս մի նայեք, ուժս տեղն է․ մերօրյա հերոս` Իշխան Մանուկյան (տեսանյութ)

Փոքր մարմնիս մի նայեք, ուժս տեղն է․ մերօրյա հերոս` Իշխան Մանուկյան (տեսանյութ)

Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների պատմություններն անվերջ են։ Հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած բազմահազար զինվորներց մեկը երևանցի  18-ամյա Իշխան Մանուկյանն է։

Սովորել է Մոնթե Մելքոնյանի  անվան թիվ  11 դպրոցում, 9 րդ դասարանն ավարտելուց  հետո ընդունվել Մեհրաբյանի  անվան  բժշկական  քոլեջ։ Երեք տարի սովորելուց հետո որոշել է ընդունվել Ագրարային համալսարան՝ ընտրելով կենսաբանի մասնագիտությունը։

«Հուլիսի 30-ին զորակոչվեց բանակ՝ Արալեռ՝ Ջաբրայիլի 3-րդ դիրք»,- մեզ հետ զրույցում պատմեց Իշխանի մայրը՝ տիկին Լիանան ու հավելեց՝ հրետանավոր էր։

Ասում է՝ որդին գոհ էր, երբեք չի սրտնեղել ծառայության դժվարություններից։ Մինչև պատերազմի սկիզբն ամեն երեկո զանգել է ընտանիքին։

«Սեպտերմբերի 27-ին չի զանգել, կիրակի էր, գիտեի, որ ազատ օր է իրենց մոտ։  Ես էի զանգում՝ անջատում էին։ Մինչև հոկտեմբերի 1-ը չի զանգել»,- պատմում է մայրն ու նշում, որ շատ ծանր օրեր էին, լուրերով էր հետևում իրադարձություններին։

Որդու բաղձալի զանգը ստացել է հոկտեմբերի 1-ին։ Մոր հոզմունքին ու անհանգստությանը հակառակ Իշախանը շատ սառնասիրտ ու հանգիտ ձայնով պատասխանել է, թե լավ է, չէր զանգում, որովհետև «խառն էին»։   «Հիմա  լավ ենք, ապահով տեղում ենք։  Չգիտեմ՝ որտեղ ենք, մի անհանգստացեք»,- որդու խոսքերն է հիշում տիկին Լիանան ու հավելում, որ հեռախոսի միջից լսվող պայթյունի  ձայները մինչև հիմա ականջներում են։ «Որ հանգիստ լինեմ ինձ խաբում ասում էր, թե սարերում պայթյունների արձագանք է լսվում»,- հիշում է մայրը։

Իշխանը  մասնակցել է Ջաբրայիլի, Մարտունու գյուղերի համար մղվող մարտական գործողություններին։

«Ջաբրայիլում իրենց դիրքը պահել են ինչքան կարողացել են, իրենց զորամասը պայթեցրել են։ Ուր գնացել՝ իրենց հրանոթները հետները տարել են, մասնկացել մարտական գործողություններին»,- պատմում է տիկին Լիանան և նշում՝ այս մասին իմացել է որդու մարտական ընկերներից լսած պատմություններից։

May be an image of 4 people, military uniform and outdoors

Ողբերգական դեպքը պատահել է հոկտեմբերի 29-ին։  Կեսգիշերին մոտ թշնամական անօդաչու սարքը հարվածել է իրենց հրանոթներին՝ Գիշիի մոտակայքում։ «Իշխանը շատ ծանր էր վիրավորվել։ Տեղում մահեր ու շատ վիրավորների են եղել»,- պատում է մայրն ու թվում որդու վնասվածքները՝ «թևն ու  ոտքը կոտրված, աչքը՝ վառված,  թոքերը՝ սալջարդ, ստամոքսը՝  պատռված, չգիտեմ՝ որն ասեմ»։

Չի դժգոհում՝ Գիշիում անհրաժեշտ օգնությունը որդին ստացել է, բայց սրտնեղում է, որ զրահաբաճկոն հրետանավորներին չեն տվել. «Որ զրահաբաճկոն ունենար, հագած լիներ, այրվածքներն էդքան խորը չէին լինի»։ Ասում է՝ հայրն ու ընկերները Ռուսաստանից «ֆուռով» զրահաբաճկոն են ուղարկել. «Ու՞մ համար էր, որ իր որդուն չի հասել»,- ափսոսանքով ասում է տիկին Լիանան։

Իշխանին ուղղաթիռով են տեղափոխել Էրեբունի ԲԿ։  Որդու՝ վիրավորում ստանալու մասին բժշկի զանգից է իմացել․ Իշխանն էր մոր հեռախոսահամարը փոխանցել։ «Չգիտեմ՝ ոնց եմ գլխապատառ Էրեբունի հասել։ Ինձ չթողեցին մտնել մոտը, հուզված էի։ Պապիկը մտավ գիտակցություն ուներ, բայց խոսել չի կարողացել՝ բութ մատով է ցույց տվել, որ լավ է։ Հաջորդ օրը, որ գնացի, դեռ ներարկում չէին արել, քնած չէր։ Ձայնս լսել է,  վեր կացել նստել է։ Մոտեցա, գոռալով հարցեցի՝ ոնց ես , ժպիտը դեմքին՝ բթով ցույց տվեց, որ լավ է։ Ասեցի կդիմանաս չէ, դու պիտի՛ դիմանաս։ Ու բռունցքն է ցույց տալիս, որ «կդիմանամ»։ Բայց լավ էլ գիտեր՝ էլ ինչ դիմանալ»,- պատմում է զինվորի մայրը։

Իշխանը մահացել է նոյեմբերի 5-ին, հուղարկավորվել Եռաբլուրում։ Փետրվարի 19-ին կլարանար նրա 19-ամյակը։

May be an image of 1 person, sitting, standing and indoor

Մայրն ասում է՝ հանգիստ, մեղմ, զուսպ ու կյանքը սիրող մարդ էր որդին։

Ծնողները Եռաբլուրում հանդիպել են Իշխանի հրամանատարին, գովեստի խոսքեր լսել որդու մասին։ Պատմել է, որ մենակ հրանոթի արկերի արկղերն է տեղափոխել։ Հրանատարի հորդորին, թե. «Զինովո՛ր, սպասիր կօգնեն», պատասխանել է՝ «Պարո՛ն հրամանատար, մարմնիս մի նայեք ուժս տեղն է, կանեմ»։

Հ․Գ. Այս պատմությունը չգիտեմ ավելի շատ զինվորի, թե՞ եղբորն անսահման սիրող ու կարոտող քրոջ մասին է։  Տիկին Լիանայի հետ զրույցում պարզվեց, որ մեզ հետ նախնական կապ հաստատողն Իշխանի 12-ամյա քույրն է եղել՝ Իլոնան։ «Սիրում է, որ եղբոր մասին խոսեն, լուսաբանեն»,- պատմեց տիկին Լիանան։ Դպրոցում էլ միջոցառման ժամանակ պարել է եղբոր հիշատակի համար։

 

  • Կիսվել: