ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը․ եթե զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել, հետևանքներ կլինեն․ պաշտպանության փոխնախարար

ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը․ եթե զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել, հետևանքներ կլինեն․ պաշտպանության փոխնախարար

Հստակ տեղեկությունը, որն ունենք, այն է, որ կա զորամասը ինքնակամ թողած զինվոր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով նորակոչիկի՝ Կապանի զորամասն ինքնակամ լքելու դեպքին։

«Այդ փաստ առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառ հանդիսացել զորամասը ինքնակամ թողնելու։ Եթե կպարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ են մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները։ Տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան»,-նշեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ եթե եղել է բռնություն, բազմակողմանի, օբյեկտիվ քննության շրջանում ուսումնասիրության առարկա կդառնան նշված հանգամանքները։

«Քննություն է ընթանում, մանրամասների մեջ չմտնեմ։ Վստահեցնում եմ ձեզ, որ մեզ համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան, այդ թվում, եթե պարունակում են ճշմարտություն՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Պաշտպանության նախարարից սկսած՝ ամբողջ գերատեսչությունը շահագրգռված է, որ պարզվի իրականությունը։ Եթե իրականում զինվորի նկատմամբ նույնիսկ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ լինի, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի, և մինչ այս պահը նրա մասին որևէ լուր չկա։

  • Կիսվել: