ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ. Մանուկյան

ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ. Մանուկյան

Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց  չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։

Մանուկյանը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորն ԱԺ բարձր ամբիոնից խոսել  է զոհվածների թվի մասին, որը հետագայում չի հաստատվել։

«Իշխանության հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներով հստակ թվեր են հրապարակվում, ստեղծվում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Կարծում եմ, որ հանձնաժողովի նախագահը պետք է կազմակերպեր արտահերթ նիստ հենց այս հարցերը քննարկելու համար, այս պայմաններում գալ ու այս հարցը քննարկել, տարօրինակ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

  • Կիսվել: