երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՊՆ-ի կողմից 100 անգամ ավելացել է ռազմարդյունաբերության պետպատվերը սեփական հայրենական արտադրողներից. ԲՏԱ նախարար

ՊՆ-ի կողմից 100 անգամ ավելացել է ռազմարդյունաբերության պետպատվերը սեփական հայրենական արտադրողներից. ԲՏԱ նախարար

Վերջին մի քանի տարվա ընթացքում 100 անգամ ավելացել է պետական պատվերը սեփական հայրենական արտադրողներից ՊՆ-ի կողմից՝ հասնելով եռամյա պայմանագրերով 171 մրդ դրամի:

Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Հայաստանն այլ երկրներից ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող պատրաստի տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն ունի՞:

Նախարարը նշել է, որ պատվերը մինչև տարեվերջ աճելու միտում ունի:

«Այս պահին ոլորտում ներգրավված է ավելի քան 2500 ինժեներ, ծրագրավորող և նեղ մասնագիտական կարողություններ ունեցող անձնակազմ, այսինքն՝ ոլորտը զարգանում է, սակայն մենք տեսնում ենք, որ դեռևս առկա իրավական որոշակի դժվարությունները խոչընդոտում են դրա հետագա զարգացմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մշակվել է նախագիծ, որը միտված է այդ խոչընդոտները վերացնելուն:

Կառավարությունն ակնկալում է այս ոլորտից ունենալ ռազմական արտադրությամբ այնպիսի ռազմարդյունաբերություն, որի հիմքում դրված կլինեն բարձր տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև այն կդառնա արտահանելի ճյուղ: Հայրապետյանի վստահեցմամբ՝  Կառավարության ներսում այդ ընկալումը կա:

«Ռազմական արդյունաբերության խթանմամբ նախ մտադիր ենք տեխնոլոգիական առաջընթաց ապահովել ՀՀ ԶՈՒ-ի համար:

Երկրորդ՝ ռազմական արդյունաբերության զարգացմամբ հավատացած ենք, որ գրագետ աշխատանքները գրագետ կազմակերպելու պարագայում ունենալու ենք տնտեսության մեջ ռազմարդյունաբերությունն իբրև կարևորագույն սեգմենտ, որը գեներացնելու է նորանոր ռեսուրսներ:

Երրորդ ուղղությունը. մենք հավատացած ենք, որ ՀՀ-ի համար ռազմաքաղաքական առաջնորդության համար սա լավագույն հնարավորություններից մեկն է լինելու՝ վերափոխելու ՀՀ միջազգային իմիջը՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանային կարևորագույն խաղացող, այլև գլոբալ»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: