շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պիտի մինչեւ գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք, սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է. Փաշինյան

Պիտի մինչեւ գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք, սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է. Փաշինյան

Արցախում այսօր երկու զինծառայողների մահվան վերաբերյալ ԱԺ-ում հարց բարձրացրեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: ԶՈՒ-ում միջադեպերի մասին նրա բացած թեմային ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է բոլորի համար, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի ։

«Պետք է գնանք եւ տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։ Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս, ասում են՝ դե գիտեք, այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների եւ ազգային ինքնության պահպանման համար շատ կարեւոր է։ Ես զարմացած եմ։

Այսօր բանակում ի՞նչ խնդիր ունենք: Իմ՝ վարչապետ դառնալուց հետո վարտիք փոխելու խնդիր ենք դրել, վարտիքները փոխվեցին, հետո զորամասերը լվացքի մեքենաներով ապահովվեցին, հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվում է ուրիշի վարտիքի հետ, եւ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել։ Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ պրոբլեմ է։

Այսօր իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մինչեւ գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք։ Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձեւերից է, ես կասկած չունեմ»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: