հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք ոչ թե պատերազմելու, այլ խայտառակ իրավիճակներ չունենալու համար. Քոչարյան

Պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք ոչ թե պատերազմելու, այլ խայտառակ իրավիճակներ չունենալու համար. Քոչարյան

Անվտանգության ողնաշարը բանակն է, որի վերականգնումը մի քանի բաղադրիչ ունի՝ բանակի կազմակերպվածությունը, համալրումը մարդկային ռեսուրսներով, ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակացությունը։ Այս մասին այսօր Սպիտակ համայնքի քաղաքացիների եւ ՛՛Հայաստան՛՛ դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա պետք է գնահատել, և այստեղ մենք շատ արագ կարող ենք վերականգնել։ Ես կարծում եմ՝ վեց ամսից մեկ տարի անց այդ բաղադրիչը մենք պետք է լուծենք։ Մենք պետք է այնքան մարդ ունենանք բանակում, որ սահմանի ողջ խտությամբ դիրքավորվենք ոչ թե պատերազմելու, այլ նման խայտառակ իրավիճակներ չունենալու համար՛՛:

Ըստ Քոչարյանի՝ բանակը վերականգնելու համար նախ պետք է հասկանալ, թե պատերազմում ինչ կորուստներ ենք ունեցել:

՛՛Այսօր սրա անունը դրել են ռազմական գաղտնիք։ Ես մոտավոր պատկերացումներ ունեմ, որ առնվազն մի քանի միլիարդի զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Այս ամենի վերականգնումը հնարավոր է բավական արագ, բայց հնարավոր է Ռուսաստանի հետ իսկական դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Այս բաղադրիչը կունենա շատ արագ պայմանագրային լուծումներ, և արդեն տեխնիկական հարցերը կմնան՛՛,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ հավելելով, որ պետք է ունենալ մի առաջնորդ, որի նկատմամբ կլինի վստահություն այս ամենը հանգիստ, կայուն իրավիճակի բերելու համար:

  • Կիսվել: