ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք չէ հասարակությանը հրամցնել, որ զինծառայողները, սպաները, գեներալները վատն են , մնացած բոլորը լավն են. Բալայան

Պետք չէ հասարակությանը հրամցնել, որ զինծառայողները, սպաները, գեներալները վատն են , մնացած բոլորը լավն են. Բալայան

Զինված ուժերում այժմ ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում: Այս մասին այօսր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության  նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ հավելելով, որ դա իրականացվում է վարչապետի հանձնարարականով։

Հարցին՝ եթե վարչապետը հայտարարում է, որ 2019թ-ին բանակում մահերի թվով պատմական մինիմում է եղել, ապա ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի հեռացումն ինչո՞վ կբացատրի, փոխնախարարն ասաց, որ  վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետևություններ անել աշխատանքի որակից:

Նա նաև ասաց, որ ունի իր սուբյեկտիվ կարծիքը, որը, սակայն չի հրապարակայնացնի:  

Պատասխանելով այն հարցին, թե զոհված զինծառայողների ծնողներն ասում են՝ բանակում կա անպատժելիության մթնոլորտ և մահվան դեպքերի համար պատասխանատու պաշտոնյաները պետք է վաղուց պատիժ կրեին, բայց անպատժելի են,  Գաբրիել Բալայանը նշեց.

«Եթե մենք ուզում ենք գնալ իրավական պետություն կառուցելու ճանապարհով, ապա պետք է օրենքի շրջանակում խոսենք, թե ինչ է հնարավոր օրենքով անել այս կամ այն պաշտոնյայի թերացման հետևանքով: Գոյութուն ունի Քրեական դատավարության, Քրեական օրենսգրքերը, Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը, ցանկացած պատիժ պետք է քննարկել սրանց շրջանակներում: ՊՆ-ն կարող է միայն կարգապահական կանոնագրքի շրջանակներում գործել, Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքի իրավասություններն իրականացնելն իրավական մարմինների գործառույթն է: Ակնկալել ՊՆ-ից, որ իրականացնի այնպիսի գործողություն, որի իրավասությունը չունի՝ սխալ է»։

Գաբրիել Բալայանի խոսքով՝ կան իրավապաշտպաններ, որոնք շատ կառուցողական մթնոլորտում են գտնվում, անգամ իրենց կողմից ՊՆ-ին ուղղված  հարցումներից լուրջ վերլուծության հետևություններ են անում, բայց, ցավոք սրտի, ոչ բոլորն են այդպիսին:

Լրագրողները հիշեցրեցին, որ օրեր առաջ նա հայտարարել էր, թե կան որոշ իրավապաշտպաններ, որոնք քայքայիչ գործունեություն են իրականացնում, դրանից հետո եղան իր հրաժարականի պահանջներ, ՊՆ փոխնախարարն ասաց, որ իր համար զարմանալին այն է, որ ոչ ոք չփորձեց հերքել իր ասածը:

«Մենք ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղհասարակության անհատ ներկայացուցիչներ, որոնց հետ շատ լավ համագործակցություն է ընթանում և էֆեկտիվ հետևություններ են արվում մեր կողմից, ցավոք ոչ բոլոր դեպքերում է»,-  ընդգծեց նա:

Գաբրիել Բալայանը նաև ասաց, որ իրենք պատրաստ են ցանկացած քննադատության, եթե առողջ քննադատություն կա առաջին շահառուն իրենք ենք:

«Եթե առողջ քննադատություն կա հավատացեք առաջին շահառուն հենց մենք ենք, եթե առողջ քննադատություն է լինում, դրանց հետևություններ են արվում, բայց պետք չէ հրամցնել հասարակությանը, որ բանակը, զինծառայողները, սպաները, գեներալները վատն են , մնացած բոլորը լավն են:

Հավատացեք, մեր հասարակությունը շատ բան ունի սովորելու և գեներալների կյանքի փորձից, և նրանց աշխարհայացքից, և՛ նրանց կազմակերպչական հմտություններից։ Այսօրվա հաղթանակները հենց այդ գեներալների շնորհիվ են տեղի ունեցել։ Ես չեմ ասում, որ այս առումով թերացումներ չունենք, բայց պետք չէ հասարակությանը հրամցնել, որ զինծառայողները որոշակի բացասական ենթամշակույթ կրող են, լրիվ հակառակն է իրականում»,-  նշեց նա:

 

  • Կիսվել: