ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել. Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսորը՝ Տոնոյանին

Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել. Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսորը՝ Տոնոյանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 11-ին, ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանին՝ պաշտպանության ոլորտում գիտության հնարավոր ներուժի կիրառումը քննարկելու նպատակով:

Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Անի Ապրահամյանի դերը գիտության առաջընթացի գործում՝ Հայաստանում և աշխարհում: Իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է. «Հարգելի պրոֆեսոր, երկար ժամանակ է հետևում եմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ձեռքբերումներին և հիացած եմ հաջողություններով: Ի սրտե ցանկանում եմ ուրվագծել գործնական հեռանկարները: Արագ փոփոխվող աշխարհում ցանկալի արդյունքի կարող ենք հասնել միասնական ջանքերի շնորհիվ: Բոլոր գործերում կարևոր է ճշգրտությունն ու արագությունը: Դրան զուգահեռ` ցանկալի է տեսանելի դարձնել քվանտային տեխնոլոգիաների ներդրումը»:

Անի Ապրահամյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Դավիթ Տոնոյանին՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ համագործակցության պատրաստակամության համար և, մասնավորապես, նշել. «Պարոն նախարար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության և Ձեր կողմից առաջարկած գաղափարների իրագործման համար, որոնք մեծ հաջողություններ են բերել պաշտպանության ոլորտին: Միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ իրատեսական եք համարում գիտության և ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ջանքերի գործադրումը: Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել»:

Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք ուղղություններով համագործակցելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: