շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պատգամավորն աննախադեպ է համարում Ադրբեջանի հետ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքները

Պատգամավորն աննախադեպ է համարում Ադրբեջանի հետ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքները

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել զինծառայողների պաշտպանվածության մակարդակը։ 

Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ 

«Մենք այսօր ունենք ամրաշինական կառույցների աննախադեպ մեծ ծավալների աշխատանք։ Վերջին երեք տարում մենք կարողացել ենք իրականացնել հսկայական ծավալի աշխատանք»,-նշեց պատգամավորը։

Նա ասաց, որ այս մասին, գուցե, շատ չի խոսվում, բայց զինվորն արդեն գիտի, որ իր պաշտպանվածությունն ապահովված է։ 

«Նման մակարդակի ամրաշինական ապահովություն նախկինում երբեք չի եղել»,- հավելեց նա։

Միաժամանակ Արմեն Խաչատրյանը նշեց, որ կան հատվածներ, որտեղ աշխատանքներն առայժմ ամբողջությամբ իրականացված չեն․

«Իհարկե, դեռ կան տեղեր, որտեղ աշխատանքները չեն իրականացվել, բայց դա բնական է՝ նման ծավալի աշխատանքը հնարավոր չէ ավարտել մեկ-երկու տարում։ Բայց հիմա, երբ նայում եմ արդյունքներին, ինքս երբեմն զարմանում եմ, թե ինչքան մեծածավալ աշխատանք է կատարվել այս կարճ ժամանակում»,-եզրափակեց Խաչատրյանը։

 

  • Կիսվել: