հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չենք ուսումնասիրել, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նա ասաց, թե 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել:

«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի Դավիթ Տոնոյանին-խմբ.), մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում։ Բանակը մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել», - ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:
 
«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել, այս ամենը համակարգային խոցեր են ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է», - նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե այն գործողությունները, որ արվում են հնարավոր լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար, բավարար չի գնահատում:
 
«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: