ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023-ին 2018-ի համեմատ աճում են 113 տոկոսով. Փաշինյան

Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023-ին 2018-ի համեմատ աճում են 113 տոկոսով. Փաշինյան

Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին 2018  թվականի համեմատ աճում են 113 տոկոսով կամ 270 միլիարդ դրամով. 2023 թվականի  պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բանակի բարեփոխումների գործընթաց ենք ձեռնարկել, արդեն իսկ օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով, հույս ունեմ  առաջիկայում կընդունվեն։ Դրանց նպատակն է՝ առաջինը սահմանել ստանդարտ, երկրորդ՝ սահմանել ստանդարտին համապատասխան աշխատավարձ»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով,  այս ամբողջ գործընթացի նպատակը և իմաստն անցումն է պրոֆեսիոնալ բանակի և, իհարկե, ՀՀ պաշտպանունակության բարձրացմանն ու մեծացմանը. «Հատուկ ընդգծեմ, որ պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումն ու բարեփոխումները, մեր նպատակադրումն անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չեն հակասում  խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է Հայաստանի կառավարությունը։

Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը  պետք է կայանա, մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, ինչը մյուս կողմից որևէ կերպ չի հակասում  խաղաղության օրակարգին։ Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,- ասաց Փաշինյանը։ 

  • Կիսվել: