ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պաշտպանության նախարարը չպետք է իրեն միայնակ զգա բանակի հարցերի լուծման ճանապարհին. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարարը չպետք է իրեն միայնակ զգա բանակի հարցերի լուծման ճանապարհին. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Բանակը միայնակ չի մնա այս խնդիրների լուծման ողջ պրոցեսում, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կլինի բանակի կողքին: Պաշտպանության նախարարը չպետք է միայնակ զգա այս հարցերի լուծման ճանապարհին, և դա շատ արագ մենք ցույց կտանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք մտածում էինք, որ լուծված խնդիրները պետք է բերեն նրան, որ 2020թ. պակասեին այս երևույթները, բայց պարզվում է՝ այդպես չէ»,-նշեց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ բանակում արմատախիլ են անելու քրեական ենթամշակույթի արմատացած լինելու հետ կապված ամեն ինչ:

«Մենք խստացրեցինք մեկ օրենք՝ ինքնասպանության հասցնելը, բայց դեռ չենք հասցրել դրա խիստ լինելու հանգամանքը հասցնել զորքեր: Դա նշանակում է, որ մենք պետք է նաև զորքերում հասկանանք, որ սա դիտվում է խստագույն հանցագործություն: Ինքնասպանությունը հենց այնպես չի լինում, շղթա է, ժամանակ է, և այդ ժամանակն է մեզ հենց անհանգստացնում, թե տևական ժամանակի ընթացքում ինքնասպանություն իրականացրած զինվորի զորամասում հրամկազմը չի՞ նկատել այն, ինչը հանգեցրել է դրան»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովը քննարկում կանցկացնի:

Հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարը և՞ս ներկա է լինելու, Քոչարյանը պատասխանեց. «Նախարարը հիմա պետք է զբաղվի բանակի այս խնդիրների լուծմամբ, իսկ մենք կլսենք բոլոր պատասխանատուներին: Այստեղ նախարարի կամ ԶՈՒ ԳՇ խնդիրը չէ: Նրանք պետք է իրենց ֆունկցիաները լիարժեք կատարեն և չլինեն միայնակ»:

Դիտարկմանը, միջանձնային փոքր խնդիրները կարո՞ղ են նման դեպքերի պատճառ դառնալ, Քոչարյանն արձագանքեց. «Միջանձնային հարաբերությունների հետ կապված նախկինում այսպիսի տոտալ պայքար չի եղել, բանակի ղեկավարությունն ինքն այդ տոտալ պայքարի առաջնագծում պետք է լինի, իսկ հանձնաժողովը՝ այդ պայքարի կողքին»:

Հարցին՝ 2 տարի այդ տոտալ պայքարը չի՞ վարվել, Քոչարյանը պատասխանեց՝ վարվել է. «Ուրիշ բան, թե ով ոնց է ուզում տեսնել: Եթե դանդաղում ենք պայքարում, պետք է պատժվեն մեղավորները: Ամենավատն այն է, որ կան անտարբերներ. դա պետք է վերանա: Հրամկազմը պետք է առաջնորդվի բանականությամբ, սրտով և կանոնակարգով: Մենք այդպիսի հրամկազմի կարոտ ունենք: Դրա լուծումը մեզ օր առաջ կենսական անհրաժեշտություն է, որովհետև յուրաքանչյուր օր ուշացնելը կարող է ինչ-որ մի զինվորի կյանքի գին լինել»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Արցախի՝ «էլիտար» անունը ստացած զորամասին, Քոչարյանն ասաց. «Այն զորամասը, որ կոչում եք էլիտար, էլիտար է իր մարտական խնդրի լուծման առումով: Նախարարն էլ ասաց, որ ԶՈՒ-ում էլիտար խմբեր չկան: Էլիտար խմբեր ձևավորվում են բոլոր տեղերում: Այն զինվորականները, որոնք էլիտար արտոնություններ են ձեռք բերում, այնտեղ ունենում ենք վիրուս, որը պետք է վերացնել: Ինքը դառնում է արտոնյալ, իսկ արտոնյալ չպետք է լինի բանակում, ում երեխան ուզում է՝ լինի: Զինվորը պետք է պաշտպանված լինի առաջին հերթին իր հրամանատարի և ծառայակից ընկերոջ կողմից: Բանակը պետք է ունենա «եղբայրություն» և չպետք է լինի «ախպերություն»: Վերջինը մտցրել են տարիներ շարունակ, մեր խնդիրը «ախպերությունը» բանակից վերացնելն է, որի արդյունքում կունենանք մաքուր ծառայություն, կունենանք այն բանակը, որն ունեցել ենք 90-ականներին»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: