շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջարկը կքննարկվի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու առաջարկի մասին

Առաջարկը կքննարկվի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու առաջարկի մասին

ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ:

Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը:

«Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը: «Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել: «Շատ հանգամանքների հետ կապված մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ՝ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ բացառում է իր մասնակցությունն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Միևնույն ժամանակ նա առաջարկել է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում իրենք կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին։

  • Կիսվել: