ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված. Անդրանիկ Քոչարյան

Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու խորհրդարանի ձևավորումից մեկ ամիս անց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը չի ստեղծվել, ասաց, որ հստակ կանոնակարգված է՝ քննիչ հանձնաժողովն ինչպե՛ս է ձևավորվում, իսկ թե երբ կձևավորվի, շատ կարճ ժամանակում հայտնի կդառնա

Նա նշեց, որ հանձնաժողովի ստեղծման հետ կապված ՛՛տարբեր պատկերացումներ՛՛ կան. ՛՛Դրա լեգիտիմության հետ կապված էլ պատկերացումներ կան, որովհետև շատ-շատերը կուզեն քննիչ հանձնաժողովում տեսնել քաղաքական «բոլոլայի» միջավայր, իսկ գոնե մեր հանձնաժողովը, ապրիլյան պատերազմի հետ կապված, այնպիսի աշխատանք կազմակերպեց, որտեղ որևէ քաղաքական քննարկում տեղի չունեցավ՛՛:

Քոչարյանը հավելեց, որ ապագայում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու համար հրավիրվելու են շատերը, նաև՝ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել իր պատրաստակամությունը, Աղաջանյան Էդուարդն ինքն է առաջարկել, որովհետև հարցեր կան, որտեղ պետք է մենք անպայման մի քիչ հետ գնանք, որպեսզի հասկանանք՝ էս պարտությունը որտեղի՞ց եկավ։ Պարտությունը լինում է, երբ լավ չես կառավարում, վատ ես սպառազինված, չես հասցրել բանակը պատրաստել այն մարտական գործողություններին, որին պատրաստվել է հակառակորդը՛՛:

  • Կիսվել: