Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում:
Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են:
Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի 90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը: