ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարտադիր զինծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն կունենա. նախագիծ

Պարտադիր զինծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն կունենա. նախագիծ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանում 6 ամիս ծառայելուց հետո պարտադիր ժամկետային զինծառայողը կարող է 5 տարով անցնել պայմանագրային զինծառայության՝ վերջում ստանալով 5 մլն դրամ պատվովճար: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, այն է՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանելի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,-ասաց Պապիկյանը:

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճար: Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը:

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ-ի կողմից շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թ հունվարին:

Պապիկյանը հայտնեց, որ սահմանվում են նաև անցումային դրույթներ:  «Ես եմ» ծրագրով ծառայություն անցած զինծառայողների, ինչպես նաև 2020 թ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ծրագրով նախատեսված պատվովճարի գումարի՝ 5 մլն դրամ, հատկացման և ազատ տնօրինման վերաբերյալ՝ առանց կառավարության կողմից սահմանված ուղղությունների:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2020-ի պատերազմի հետևանքով զոհված, «Ես եմ» ծրագրով ծառայություն անցած զինծառայողների թիվը 45 է:

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց՝ ծրագրից օգտվելու դեպքում ժամկետային զինծառայողի ծառայության վայրի փոփոխություն նախատեսվո՞ւմ է արդյոք, եթե այո, ապա ի՞նչ հիմքեր են հաշվի առնվում: Ի պատասխան հարցին՝ Պապիկյանը կարևորեց, որ ՊՆ-ն իր ծախսերի հաշվարկի առումով նաև հաշվի առնի տվյալ զինծառայողների կեցության հարցերը և բնակավայրին մոտ լինելը: «Բնականաբար, ամեն ինչ կանենք, որ տվյալ զինծառայողը մոտ լինի իր բնակավայրին»,-եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: