երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ովքեր են այսօր զոհված հերոս զինծառայողները

Ովքեր են այսօր զոհված հերոս զինծառայողները

Հակառակորդի կրակոցների հետևանքով այսօր զոհված զինծառայող Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։ Նա 28 տարեկան էր։

Սոսն ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Տավուշի զորամասերից մեկում։

Մարմարաշենի համայնքապետն ասել է, որ նա ամուսնացած չէր, ապրում էր ծնողների, եղբոր և քրոջ հետ։

Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, գյուղապետն ասել է, որ սովորական «գյուղացի ընտանիք է՝ խեղճ ու կրակ ապրող»։

Հակառակորդի կրակոցներից զոհված մյուս զինծառայողը՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Գարուշը 31 տարեկան էր։  Ամուսնացած էր, ուներ 7-ամյա որդի։

Դեռևս 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա ներկայացված էր որպես ՀՀ զինված ուժերի լավագույն սպաներից ու հրամանատարներից մեկը։

«Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար:

Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:

Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»,- ասված է նախարարության՝ 2016 թվականի հրապարակման մեջ:

  • Կիսվել: