ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օրենսդրական նախաձեռնությամբ զինվորականների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար

Օրենսդրական նախաձեռնությամբ զինվորականների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար

Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու հանգամանքով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար:

Ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափը եւ վճարման կարգը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

Դրույթներից մեկով` ատեստավորմանը պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:

Նշվել է նաեւ, որ սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից:

Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Մերժվել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներկայացրած առաջարկը: Ըստ Պաշտպանության նախարարի` առաջարկի բովանդակությունը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի բովանդակությանը:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ պայմանագրային զինծառության հայեցակարգը պատրաստ է, որոշ հարցեր են լրամշակվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի` ԶՈՒ-ում առկա որոշակի խնդիրների վերաբերյալ հարցին պատասխանելով` նախարարը նշել է, որ բանակը հասարակության հայելին է, եւ փաստել, որ օրենսդրական ճանապարհով պետք է արմատախիլ անել բոլոր բացասական երեւույթները:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը կարեւոր է համարել ատեստավորման համակարգի ներդրումը ԶՈՒ-ում եւ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Մտքերի փոխանակման ընթացքում Գեղամ Մանուկյանը նշել է, որ ատեստավորման համակարգը գործել է նաեւ նախկինում: Պատգամավորի հավաստմամբ` դեմ չէ նախագծերի փաթեթին:

Ատեստավորման համակարգի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ՊՆ համապատասխան վարչության պետը: Ըստ նրա` հայեցակարգային տարբերություն կա ներդրվող ատեստավորման համակարգի եւ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկի միջեւ:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը կյանքի կոչելով` կփոխվի բանակում աշխատանքային ոճը: Ըստ Սուրեն Պապիկյանի` կլուծվեն մի շարք սոցիալական խնդիրներ, կստեղծվի կադրային բանկ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ օրենսդրական փաթեթը կնպաստի բանակի գրավչության բարձրացմանը, ինչպես նաեւ որակյալ պրոֆեսիոնալ բանակ ունենալուն:

Հանձնաժողովականները քննարկել են «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկները եւ քվեարկությամբ մերժել դրանք:

Հարցը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 1-ի նիստում:

  • Կիսվել: