ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում են սովորողներին տարկետում տալու հիմքերը

Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում են սովորողներին տարկետում տալու հիմքերը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Առաջարկվում է հստակեցնել ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին տարկետում տալու հիմքերը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Ըստ նրա՝ նախագիծն ապահովում է սովորողների անընդհատ կրթության իրավունքը: Նախարարը փաստել է, որ օրենքը կկիրառվի արդեն առաջիկա ամառային զորակոչի ժամանակ:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարեւորել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: