կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել․ ԱԽ քարտուղարը՝ գաղտնազերծված հատվածների հրապարակման մասին

Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել․ ԱԽ քարտուղարը՝ գաղտնազերծված հատվածների հրապարակման մասին

«Բոլոր հրապարակումները համապարփակ գնահատում են անցել անվտանգության ուժերի կողմից և նոր միայն հրապարակվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների հրապարակմանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե բոլոր սլաքներն ուղղվում են դեպի Օնիկ Գասպարյանը, և ինքն է միայն քննադատության թիրախում, ԱԽ քարտուղարը պատասխանեց․

«Ոչ մի սլաք ոչ ոքի դեռևս չի ուղղվել»։

Հարցին՝ գաղտնազերծված փաստաթուղթն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան հարցերի պատասխանեց, դուք հնարավո՞ր համարում եք, որ Օնիկ Գասպարյանի ելույթը ամբողջությամբ հրապարակվի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումներն առանձին չկարդալ: Օրինակ, երբ Օնիկ Գասպարյանն ասում է՝ հունիսի 8-ին ԳՇ պետ նշանակվելուց մի քանի օր հետո անվտանգության խորհրդին եմ ներկայացրել ռազմաքաղաքական տարածաշրջանային իրավիճակը, բացում ենք Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, տեսնում ենք Օնիկ Գասպարյանը զեկույց չունի և հասկանում ենք, որ սուտ է ասում: Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանն իր տեքստում ասի՝ երկու-երեք օրում պատերազմը կանգնեցրեք, որը սուտ է, սակայն իր զեկույցում ասի՝ որ թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ունենք, բանակն իր խնդիրը կատարել է և շարունակելու է կատարել: Այսինքն՝ մեր հրապարակած տեքստը բավարար է, որ հանրությունը համապարփակ հասկանա, թե ի՞նչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ տեքստը հրապարակենք, հնարավոր է, որ այդ խմբակը պահանջի, որ վիդեո հրապարակենք, թե ով, ինչքան ջուր է խմել, որպեսզի հստակություն մտցվի այդ նիստի մասով, հրապարակված մասը բավարար է հստակեցումների համար»:

Գրիգորյանը նշեց, որ պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանի հետ որևէ խնդիր չի առաջացել, բոլոր խնդիրներն առաջացել են հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 17-ից սկսած. «Մեզ մեղադրում են, որ նա երբ Նիկոլ Փաշինյանի հարաժարականն է պահանջել, մենք այդ ժամանակ ենք գաղտնազերծված հրապարակումն արել։ Ուզում եմ ասել, երբ քաղաքականապես այս հարցը լուծվել է, Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, այսինքն՝ քաղաքական լուծում տալուց հետո ենք հրապարակել»:

  • Կիսվել: