շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նման դեպքեր էլի են եղել, որ տեղեկություններ ենք ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել. վարչապետը՝ Փոքր Մասրիկի բնակչի դին միջդիրքային տարածքից վերադարձնել չկարողանալու մասին

Նման դեպքեր էլի են եղել, որ տեղեկություններ ենք ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել. վարչապետը՝ Փոքր Մասրիկի բնակչի դին միջդիրքային տարածքից վերադարձնել չկարողանալու մասին

Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանի դին գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, և չի ստացվում դուրս բերել։

Այսօրվա մամուլի ասուլիսից առաջ ընտանիքի անդամները լրագրողներին խնդրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղել, թե արդյոք պատասխանատու մարմինները զբաղվու՞մ են այդ հարցով, թե ոչ:

Հարցը հնչեց ասուլիսի ժամանակ, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց․ ՛՛Վերջին անգամ Գեղարքունիքի մարզի հատվածում մեկ շաբաթ առաջ են որոնողական աշխատանքներ եղել, բայց ես ավելի կկոնկրետացնեմ․ այդպիսի դեպքեր էլի են եղել, որ մենք էլ ենք տեղեկություններ ունեցել, բայց չի հաջողվել հայտնաբերել՛՛։

Վարչապետը նշեց, որ ցավում է իրավիճակի համար, իսկ ինչ վերաբերվում է որոնողական աշխատանքներին, ապա դրանք արվում են ոչ անընդհատ, բայց պարբերաբար՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող 61-ամյա Հովիկ Խաչատրյանը հայտնել է, որ սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի լեռներում է՝ միջդիրքային գոտում: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները:

 

  • Կիսվել: