ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Քոչարյան

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում տվել է բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է, թե իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակցություններ, գործընթացներ են եղել, հակառակ կողմի հետ վստահելիության մթնոլորտը ինչպես պետք է կառուցվեր։ Հարցերը, որոնք հնչեցին, ստացան պատասխաններ, հետագայում պետության ղեկավարությանը, Արցախի ղեկավարությանը, վարչապետին լսելուց հետո, դրանք ի մի բերելով, կլինեն եզրահանգումներ՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովում եղել է պատերազմը ավելի վաղ դադարեցնելու մասին քննարկում:

«Դեռ շատ մարդկանց ունենք լսելու, որպեսզի դրանք համադրելով հասկանանք՝ այդ հնարավորությունները կա՞ն, թե դա միայն Հայաստանից կարող էր կախված լինել, Հայաստանից եւ Ադրբեջանից, թե՞ աշխարհում տիրող իրավիճակից»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե, ի վերջո, կարելի՞ է ասել, որ դիվանագիտությունն է պարտվել, Քոչարյանն ընդգծեց․

«Մենք ենք պարտվել, բոլորս։ Պետք է գիտակցենք պարտությունում ամեն մեկիս մասնակցությունն ինչքան է, դավաճան էլ ենք ունեցել, դասալիք էլ, հրաշալի կռվող տղաներ ենք ունեցել, ամուր ճակատներ։ Ամեն տեղ մենք պետք է դասեր քաղենք»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխությամբ այնպես անել, որ քննիչ հանձնաժողովի հարցաքննությանը չներկայանալու հնարավորություն չլինի։

«Չգալը չեկողների խնդիրն է, բայց չէ՞ որ եկել է Զոհրաբ Մնացականյանը։ Ընդդիմադիրները, որոնք անաչառությունից խոսում են, մարտական են տրամադրված Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո։ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն ինձ զանգում ասում են՝ կարո՞ղ ենք ծանոթանալ արձանագրումներին, ասում եմ՝ ոչ, թող գան, աշխատենք։ Իրենք պետք է իրենց քաղաքական հայտարարությունից հրաժարվեն, նոր ունենան հնարավորություն՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,- ընդգծեց Քոչարյանը։

Քոչարյանը հաստատեց լրագրողի հարցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրվելու է հարցաքննության․ «Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու»։

  • Կիսվել: