կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռքի առաջատար մասնագետներից բաղկացած թիմերը հրավիրվում են Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու, բիզնես գաղափարները զարգացնելու համար: Գործընթացը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող  «Ներուժ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող սփյուռքահայ մասնագետներից բաղկացած թիմերը։ Հայտերն ընդունում է նախարարությունը, ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը։ 

Նախարարությունն առաջին փուլում ստուգելու է փաստաթղթերի համապատասխանելիությունը ծրագրի պահանջներին։ Հաջորդ փուլում արդեն մասնագիտական ժյուրին կդիտարկի ստարտափների գաղափարների բովանդակային մասը։ Հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշեց, որ ընտրված ծրագրերը կստանան դրամաշնորհ ծրագրի շրջանակում։

«Ընդհանուր բյուջեն կազմում է 90 մլն դրամ։ Մենք ոլորտային սահմանափակումներ չենք դնում, դիմողներն ազատ են իրենց գաղափարները ներկայացնելու հարցում։ Կարևորը լինեն ինովացիոն գաղափարներ։ Ինչպես գիտենք, տեխնոլոգիական լուծումները կիրառվում են ամենատարբեր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, թվայնացում և այլն։ Այնպես որ բոլոր ուղղություններով կարող են ցանկացողներն իրենց ինովացիոն գաղափարները բերել, ներկայացնել։ Մեր խնդիրն է թե ֆինանսապես, թե մասնագիտական կարողություններով, աջակցել»,-ասաց Ռուբեն Սիմոնյանը։ 

Դրամաշնորհ ստացած թիմերը պետք է տեղափոխվեն Հայաստան և սկսեն աշխատել։  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նորարար գաղափարները, պրոդուկտները բերել շուկա ու նպաստել դրանց զարգացմանը Հայաստանում։ 

«Ծրագրի մասնակիցների համար սեպտեմբերին սպասվում է կարևոր միջոցառում Դիլիջանում։ Մասնավորապես, աքսելերացիոն ծրագիրը։  Առաջին անգամ է, որ նման ծրագիր ենք ներմուծում «Ներուժ» ծրագիր։ Այդ համատեքստում մենք նպատակ ունենք ներգրավել միջազգային կազմակերպություն, որը կաշխատի մասնակիցների հետ և կօգնի ապահովել նրանց մուտքը շուկա»,-ասաց Հայկ Ենգիբարյանը։ 

Նոր մասնակիցներին ներկայացվելու են նաև ծրագրի շրջանակում եղած հաջողված պատմությունները, որոնք քիչ չեն։ «Ներուժ» ծրագիրն իրականացվում է 2018 թվականից։ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ նախորդ փուլերից կան հաղթողներ, որոնց ծրագրերն առնչվում են առողջապահական կամ կենսատեխնոլոգիական  ոլորտներին, ու այդ ստարտափները մինչև հիմա առաջ են տարվում։ 

 SmartClick և Viral Mango ընկերությունների համահիմնադիր և գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Ռեմ Դարբինյանը, «Ներուժ» ծրագրի շրջանակում երկու տարի եղել է մենթոր և աշխատել է մասնակիցների հետ։ 

«Սա իսկապես շատ լավ ծրագիր է սփյուռքի մեր այն հայրենակիցների համար, որոնք ցանկություն ունեն իրենց տեխնոլոգիական նորարար գաղափարները, ծրագրերը Հայաստանում իրագործել։ Սա նաև կարևոր է մեր երկրի համար, որովհետև սփյուռքի  մեր հայրենակիցներն իրենց մասնագիտական ներուժով գալիս են Հայաստան։  Ծրագրին մասնակցում էին մարդիկ, որոնք պլաններ չունեին Հայաստան գալու, բայց եկել էին։ Շատերն առաջին անգամ էին գալիս, բացահայտում էին Հայաստանը տեխնոլոգիական տեսանկյունից։ Արդյունքում՝ սփյուռքի և Հայաստանի միջև տեխնոլոգիաների փոխանակման առումով կապն էլ ավելի ամուր է դառնում։ Դրանից բացի, եթե կազմակերպությունները հաջողում են ու ընդլայնվում են, դա էլ իր հերթին բերում է նոր աշխատատեղեր»,-ասաց Վեմ Դարբինյանը։ 

Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ բավական հետաքրքրվածություն կա սփյուռքահայ համայնքներից։ Արդեն տասնյակ երկրներից կան հայտեր։  

  • Կիսվել: