Նախատեսվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց ռազմարդյունաբերական ձեռնարկություններ
Հայաստանի ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց է նախատեսվում ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ:
Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են մեր ընդդիմադիր և իշխանական գործընկերների մասնակցությամբ այց կազմակերպել մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն առաջարկեց, որ հարցը հնչեցրած պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի:
Քոչարյանը հակադարձեց պատգամավորի մտահոգությանը, թե ռազմարդյունաբերության ոլորտի ծախսային կատարողականը 9 ամիսներին 0 է եղել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ չկա նման բան:
Ըստ Քոչարյանի՝ այդ ոլորտում կան հաջողված նախագծեր, ընթացքի մեջ գտնվող հաջող նախաձեռնություններ: