հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք մտահոգվելու բան չունենք, թող թշնամիները մտահոգվեն. Գորիս համայնքի ղեկավար

Մենք մտահոգվելու բան չունենք, թող թշնամիները մտահոգվեն. Գորիս համայնքի ղեկավար

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը երեկ հանդես էր եկել կոչով՝ ասելով, թե այսօր այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ ՛՛Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան՛՛,-նշել էր նա։

Այս ընթացքում հակասական լուրեր են տարածում  Հայաստանի հարավային դարպասներից, և դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում եւ կատարվելու Սյունիքի մարզի սահմաններին, իսկ Գորիս համայնքի ղեկավարն էլ փաստորեն ինքնապաշտպանության կոչ է անում: Այս մասին armlur.am-ը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:

Խոսելով այն մասին, թե հիմա ինչ տրամադրվածություն է Գորիսում, քանի որ հակասական լուրեր են տարածվում՝ առուշանյանն ասաց, որ իրավիճակը նորմալ է, ոչ մի խնդիր չկա: ՛՛Ես սովորաբար ամեն օր դիրքերում եմ, մեր գորիսեցիների հետ շփվում եմ, որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Սա է իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք՛՛,-հավելեց նա:

Անդրադառնալով  հետագա քայլերին և այն հարցին, թե ի՛նչ պետք է անել՝ բնականոն կյանքի անցնելու համար՝ Առուշանյանը նշեց. ՛՛Ունենք այն, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անենք, մեր հողը թողնենք, գնա՞նք: Բնականաբար պետք է պահենք ու ինչպես մեր գյուղերը շենանում են, հիմա ավելի ուժեղ սկսենք շենացնել, վե՛րջ: Ոչ մի խնդիր չի կարող լինել, մենք մտահոգվելու բան չունենք, թող թշնամիները մտահոգվեն: Բացի այդ, պետք  է ուժեղանալ եւ հետ վերցնել այն, ինչը մերն է: Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի առաքելությունը՛՛:

Քաղաքապետը խոսեց նաև Գորիսի բնակչության տրամադրվածության մասին: Մասնավորապես, նա նշեց, որ մարդիկ չեն ցանկանում թողնել-հեռանալ իրենց տներից: Նա վստահեցրեց, որ այդ հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ: ՛՛Իհարկե, կան գյուղեր, որտեղ հեռավորությունը սահմանից շատ մոտ է: Գրեթե բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են` Խնձորեսկ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ:

Գորիսի բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են: Մեր գյուղերում մենք նոր նախագծեր ենք իրականացնում բնակիչների համար՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով, այնպես որ՝ նորմալ իրավիճակ է: Իհարկե, ոչ մի արժանապատիվ հայի համար այս իրավիճակը լավ չէ, չի կարող լավ լինել, բայց ունենք այն, ինչ ունենք՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: