երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մենք կադրերի լուրջ խնդիր ունենք, ինչը արտահայտվում է զորամասերում այսպիսի դեպքերի կատարմամբ. Արմեն Խաչատրյան

Մենք կադրերի լուրջ խնդիր ունենք, ինչը արտահայտվում է զորամասերում այսպիսի դեպքերի կատարմամբ. Արմեն Խաչատրյան

«Մենք կադրերի լուրջ խնդիր ունենք՝ բազային պրոֆեսիոնալ կրթությամբ, ինչը, ցավոք,  նաև արտահայտվում է զորամասերում այսպիսի դեպքերի կատարմամբ։ Սա պարզ և ազնիվ եմ ասում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին։ 

Նա նշեց, որ նման դեպք չկա, որ քրեական գործ չհարուցվի, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չկատարվի,  և եթե կան մեղավորներ, պատասխանատվության չենթարկվեն․«Ես դեպքեր գիտեմ, որ հարուցվել են գործեր, ինքնասպանության հասցնելուն մեղադրանքներ են  առաջադրվել և զինածառայողներին, և սպայական կազմին»,- նշեց նա։ 

Անդրադառնալով այս ամենի հարցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պատասխանատվությանը՝ նա նշեց․ «Սուրեն Պապիկյանի հետ անընդհատ կապի մեջ ենք, Սուրեն Պապիկյանն ահռելի մեծ աշխատանք է իրականացնում  ՊՆ-ի և Գլխավոր շտաբի հետ միասին, աշխատանքը բազմաբովանդակ է՝ սկսած կադրերի պատրաստումից,  վերջացած ռազմատեխնիկական համագործակցությամբ , այսօր  բանակի  «մեջքն ուղղելու» գործողությունները Սուրեն Պապիկյանն իրականացնում է պատշաճ»։

  • Կիսվել: