շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները ԶՈւ կազմակերպման առումով. Ավինյան

Մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները ԶՈւ կազմակերպման առումով. Ավինյան

Կոմանդոսն իր մեծագույն դերակատարությունն է ունեցել Արցախյան առաջին պատերազմում, մեծ ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման պայքարի ժամանակ, ինքն է գլխավորել օպերացիան: Սա մեծ կորուստ էր մեզ համար: Այս մասին այսօր Արցախի հերոս, ՛՛Ոսկե արծիվ՛՛ շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստին՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Կոմանդոսը որպես օրինակ պետք է ծառայի մեր զինված ուժերի, զինծառայողների համար, և նրա կերպարը պետք է դաջված մնա մեր պատմության մեջ: 

Փոխվարչապետը խոսեց ԶՈւ բարեփոխումների մասին՝ ասելով, որ ներկայումս ԶՈւ բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել, և բարեփոխումների աշխատանքային խումբը գլխավորում է պաշտպանության նախարարը:

Ավինյանն ասաց. ՛՛Կարծում եմ՝ մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները ԶՈՒ կազմակերպման առումով, բոլոր առումներով՝ և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի, և՛ թիկունքի մասին: Կարծում եմ՝ փաստահավաք խումբը, որը պետք է գործի ԶՈՒ բարեփոխումների և հայեցակարգի ներքո, շատ և շատ հարցերի պատասխաններ, միտված ապագային, միտված ԶՈւ զարգացմանը, պետք է տա՛՛:

Նա հավելեց, որ ներկայումս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնեն ռազմարդյունաբերության ոլորտի վրա:

՛՛Պատերազմի մեր փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում և՛ օդում, և՛ ցամաքում: Այդ իսկ պատճառով ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը և վերաբերմունքը էականորեն պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով, և կարծում եմ՝ ռազմարդյունաբերության ոլորտը ԶՈՒ բարեփոխումների շրջանակում շատ կարևոր դերակատարում ունի՛՛,-հավելեց Ավինյանը:

  • Կիսվել: