հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք հաղթել ենք այդ պատերազմում. Լևոն Մնացականյան

Մենք հաղթել ենք այդ պատերազմում. Լևոն Մնացականյան

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, կասկածի տակ է դրել ոչ միայն պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակը, այլև առհասարակ՝ պատերազմի փաստը, գրում է 168.am-ը:

«Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականությանը չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ, այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դրանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում»,-ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ապրիլյան քառօրյային առնչվող տարբեր քննարկումների շուրջ 168.am-ը զրուցել է Ապրիլյան քառօրյայի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ, որը շեշտում է, որ ով կասկածի տակ է դնում այն, թե պատերազմ եղել է, թե ոչ, դա իր խնդիրն է:

Խոսելով շրջանառվող թեզերի շուրջ այն մասին, թե ապրիլին ոչ թե պատերազմ էր, այլ դիվերսիոն գործողություն՝ Մնացականյանն ասել է. «Իհարկե, պատերազմ է եղել. ով կասկածի տակ է դնում, դա իր խնդիրն է: Դիվերսիոն գործողությունները ենթադրում են շատ սահմանափակ գործողություններ, իսկ այն, ինչ եղել է Ապրիլյանի ժամանակ, եղել է պատերազմ: Միայն այն, ինչ կիրառվել է, արդեն իրենից ենթադրում է, որ ընդհանրապես դիվերսիոն գործողությունների մասին խոսելն անիմաստ է: Դիվերսիոն գործողություններն անում են դիվերսիոն խմբերի միջոցով, որոնց կազմը կարող է տատանվել մինչև 15-16 մարդ»:

Նրա խոսքով՝ այդ թվով մարդկանցով դիվերսիոն գործողություն չի լինում. ամեն միջոց կիրառվել է, մինչև հարվածային անօդաչու թռչող սարք, հրետանի, և եղել են լայնածավալ ռազմական գործողություններ: «Եվ մասշտաբն էլ, աշխարհագրությունն էլ, միանգամից, տեսեք, քանի ուղղության վրա են հարձակվել, ասել՝ դիվերսիոն է՝ ճիշտ չէ»,-նշել է նա:

Մնացականյանը հիշեցրել է, որ անգամ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարն էր նշել, որ Ապրիլյանում կիրառվել է իրենց զինված ուժերի մինչև 20 տոսկոսը, իսկ 20 տոկոսի կիրառումը, Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսքով, արդեն ենթադրում է, որ դիվերսիոն գործողություններ չեն: «Դրա մասին հակառակորդն է նշել»,-պնդել է նա:

Մնացականյանը վստահ է՝ իհարկե, հաղթել ենք, ու իրականությունն էլ դա է: Նա, մասնավորապես, ասել է. «Հակառակորդը հարձակվել է, բայց այն նպատակներին, որոնք հակառակորդը դրել էր իր առջև՝ չի հասել: Այո, ցավալի է, որ որշակի կորուստ մենք ունեցել ենք, բայց մենք հաղթել ենք այդ պատերազմում»:

Անդրադառնալով կորուստների վերաբերյալ թվային տվյալներին՝  Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ասել է, որ ինքն այդ հարցին պատասխանել է Քննիչ հանձնաժողովում: «Թիվը չհնչեցնեմ, պարզապես ասեմ, որ այդ մտքի հետ համաձայն չեմ, արդեն վերլուծությունը ներկայացնելիս ավելի կոնկրետ երևալու է, բոլորը տեսնելու են»,-նշել է նա:

Խոսլով  նման հայտարարությունների նպատակի և դրանց՝ հայկական կողմի համար վտանգավոր լինելու շուրջ՝ Մնացականյանն ասել է, թե չգիտի, թե դրանք ինչ նպատակ են հետապնդում: «Գուցե վարկաբեկել այն ժամանակվա բանակի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց դա տեղին չեմ համարում: Դեռևս պատերազմն ավարտված չէ. տեղին չեն նման մեղադրանքները, որովհետև դրանք անիմաստ են: Ասողը երևի ավելի լավ կիմանա, թե ինչ նպատակներ է հետապնդում, համենայն դեպս՝ այն, ինչ ասվում է, իրականությանը չի համապատասխանում առհասարակ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: