շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասիսի քաղաքապետի մասնակցությամբ Զորակ գյուղում բացվեց լեգենդ դարձած Վյաչեսլավի, Գրիշայի և Դավիթի անունով հուշաղբյուր-խաչքար

Մասիսի քաղաքապետի մասնակցությամբ Զորակ գյուղում բացվեց լեգենդ դարձած Վյաչեսլավի, Գրիշայի և Դավիթի անունով հուշաղբյուր-խաչքար

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Արարատի մարզի Զորակ գյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զորակցի հերոսներ Վյաչեսլավ Մուսաելյանի, Գրիշա Դանիելյանի և Դավիդ Բադալյանի անունով հուշաղբյուր-խաչքար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին նահատակված հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համագյուղացիները։ Ներկա էր նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ 

Մինչ խաչքարի վրայից հերոսների հարազատները կիջեցնեին սպիտակ սավանը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակվածների հիշատակը, ապա խաչքարի վրայից սավանը իջեցնելուց հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն։ 

Զորակ գյուղի դպրոցի ուսուցչուհիները ներկայացրեցին իրենց սաների կյանքը, ապա դպրոցի սաները հանդես եկան իրենց խոսքով՝ ներկայացնելով հերոսների մասին մանրապատումներ։ Հուզիչ էր Զորակ գյուղի բնակիչ Գագիկ Ղազարյանի երգը՝ կենդանի կատարմամբ։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա խնկարկեցին։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «44-օրյա պատերազմում հայ զինվորը չի պարտվել, բոլորը, այդ թվում՝ մեր գյուղի պարծանքներ, լեգենդ դարձած Վյաչեսլավը, Գրիշան, Դավիդը, բարձր են պահել ոչ միայն գյուղի, այլև ողջ հայության պատիվը։ Երեքն էլ՝ փառքով վերադարձած, դարձել են մեր բոլորիս համար հաղթանակի խորհրդանիշ։

Պատերազմում պարտվել են դիվանագետներն ու քաղաքական գործիչները, ու դրա համար պատմությունը տարիներ անց ջրի երես կհանի շատ բաներ, իսկ հիմա՝ ի լուր աշխարհի, ուզում ենք ասել, որ ձազ բացակա չենք դնի, ու դրա ապացույցը գյուղի այս հատվածում կանգնեցված նրանց անունով հուշաղբյուր-խաչքարն է, որը մեզ համար արդեն դարձել է հաղթանակի ու հավերժության խորհրդանիշ»։ 

Մանրամասն՝ այստեղ: 

  • Կիսվել: