շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտում զոհված ոչ զինվորական պաշտոնատար անձի ընտանիքը այսուհետ ևս կստանա փոխհատուցում

Մարտում զոհված ոչ զինվորական պաշտոնատար անձի ընտանիքը այսուհետ ևս կստանա փոխհատուցում

 Մարտում զոհված ոչ զինվորական պաշտոնատար անձի ընտանիքը այսուհետ ևս կստանա փոխհատուցում համապատասխան հիմնադրամից։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկեց լրացումներ և փոփոխություններ կատարել։

Հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թ. սեպտեմբերի 13–14–ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցմամբ։

Մինչ այժմ ոչ զինվորական անձինք, որոնք ՀՀ ԶՈւ–ում կատարել են տեխնիկական աշխատանք, սակայն զոհվել են մարտական գործողությունների ժամանակ, հիմնադրամի շահառուների ցանկում ներառված չեն եղել ու նրանց ընտանիքները չեն օգտվել փոխհատուցման կարգից։
Այսուհետ, օրենսդրական փոփոխությամբ, այս մարդկանց ընտանիքները ևս ներառվեցին հիմնադրամի շահառուների ցանկում։
Հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխություններին։ Նախագիծն ուղարկվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։

  • Կիսվել: