չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Լավ եմ մամ ջան, գալու եմ քեզ գրկեմ». 3 տեղից վիրավոր 19-ամյա Վահեի հարազատները 2 օր ժամանակ տվեցին ՊՆ-ին

«Լավ եմ մամ ջան, գալու եմ քեզ գրկեմ». 3 տեղից վիրավոր 19-ամյա Վահեի հարազատները 2 օր ժամանակ տվեցին ՊՆ-ին

19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի տատիկը՝ Սեդա Թորոսյանը, ասում է, որ գիտեն` որտեղ է իրենց զինվորը թաքնվում, բայց պաշտպանության նախարարությունից փոխանցել են, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։ Գրում է armlur.am-ը։ 

Վահեն սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության ներքո է։ Վահեի հոր՝ Արամ Թորոսյանի խոսքով, որդուն սեպտեմբերի 12-ին են տարել Ներքին Հանդ, իսկ հաջորդ օրը պատերազմը սկսվել է։
Այսօր 19-ամյա զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա արեցին։ Սակայն պաշտպանության նախարարությունից ընդամենը հայտնում են, որ բանակցություններ են վարում, որ ադրբեջանական կողմը թույլ տա մտնել այդ տարածք։

 

Հոր պատմելով, Վահեն սեպտեմբերի 15-ին զանգել է ընկերոջը եւ բացատրել, թե որտեղ է գտնվում։ Հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին նաեւ, որ առանց տարածքին ծանոթ լինելու` իրենք անտառներում մի քանի օր փնտրել են Վահեին։

ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ այսօր ոչ միայն Վահեի հայրն էր ներկա, այլեւ նրա հարազատները, հարեւանները: Հարեւանուհու խոսքով՝ Վահեն մոր հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 15-ի առավոտյան:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վահեի հարազատները երկու օր ժամանակ են տվել Պաշտպանության նախարարությանը, հակառակ դեպքում կդիմեն կտրուկ գործողությունների:

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հայաստանի քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

  • Կիսվել: