շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոմանդոսը Շուշիի ազատագրման խորհուրդն է. Սեյրան Օհանյան

Կոմանդոսը Շուշիի ազատագրման խորհուրդն է. Սեյրան Օհանյան

Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Այս մասին այսօր Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի համար, այլ նաեւ հայ ժողովրդի համար։ Հասկանալի է կյանքի եւ բնության փիլիսոփայությունը, որ մարդ մեկ օր ծնվում, եւ մեկ օր էլ նրա մարմինն անջատվում է հոգուց։ Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու եւ միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նրա անցած ճանապարհը, նվիրվածությունը հայրենիքին վառ օրինակ պետք է հանդիսանան նաեւ ռազմական ուսուցման մեջ։

Նրա հետ ծանոթացել եմ 1990-ականներին։ Ավելի խորությամբ ճանաչել եմ նրան Շուշիի օպերացիայից առաջ։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Կարծում եմ՝ Կոմանդոսին շատ ավելի լավ ճանաչողներից մեկն եմ ես, որի հետ նաեւ անցած ճանապարհ ունեմ։ Կուզեի, որ իր հոգին լուսավորվեր, մենք իրեն միշտ կհիշենք՛՛։

Օհանյանը խոսեց նաեւ Շուշիի հայտնի օպերացիայի մասին եւ ասաց, որ այդ ժամանակ շատ բան է քննարկվել: ՛՛Քննարկվել է Շուշիի ազատագրման օպերացիան։ Կարծում եմ, որ Շուշիի ազատագրման օպերացիան այն ժամանակ իրականացվել է ռազմական արվեստի պահանջներին համաձայն. սկսած կազմակերպման հարցերից, տեղանքի ուսումնասիրում, հետախուզություն, ղեկավարում, փոխգործակցության կազմակերպում, համակողմանի ապահովման միջոցառումներ։ Սա է հանդիսացել այն գրավականը, որ հաղթանակ է բերել։

Հաղթանակի մյուս գրավականը մեր հրամանատարների եւ նրանց զինվորների, ենթակաների անձնուրացությունն է։ Այն ժամանակ մեր հրամանատարներն ու զինվորները կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր եւ ազատագրել Շուշի քաղաքը։ Հիմա ափսոսանք ենք մենք ապրում, շատ թերություններ են եղել, նաեւ շատ մութ կողմեր կան Շուշիի անկման հետ կապված, որոնք դեռ կպարզվեն՛՛,-նշեց նա:

Պաշտպանության նախկին նախարարն ասաց նաեւ, որ պատերազմից հետո մեկ անգամ է հանդիպել Կոմանդոսի հետ. ՛՛Քանի որ նա հիվանդ էր, երկար չեմ խոսել, մի քանի բառ ենք փոխանակել՛՛:

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

 

  • Կիսվել: