ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով

ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։

«Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող եւ քաղաքացիական անձանց միջեւ մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։

Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները եւ մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը եւ ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի եւ բժշկական շինությունների անվտանգությունը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետեւանքով տուժածներին»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ։

ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում եւ Երեւանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։ Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու եւ նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, ինչպես նաեւ այցելում է ազատազրկված անձանց եւ հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը։

 

  • Կիսվել: