հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները

Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ oրենքի նախագծին, որը միտված է վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելուն: Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծով սահմանվում է, որ աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը: Իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պետությունը, իհարկե, սահմանված չափով վճարումներ նախատեսում է վարժական հավաքի մասնակիցների համար, բայց դրանք երբեմն ավելի պակաս են, քան այն աշխատավարձը, որ մարդիկ ստանում են իրենց աշխատավայրերում: Հիմա այս օրենսդրական կարգավորումներով սահմանում ենք, որ գործատուն այն պարագայում, երբ վարժական հավաքի մասնակցին վճարվող գումարն ավելի քիչ է, քան նրան վճարվող ամսական աշխատավարձը, այդ տարբերությունը գործատուն պիտի վճարի: Սրան զուգահեռ նաև ունենք կարգավորում, որ վարժական հավաքների պլանն իրագործելիս որոշակի տոկոսից ավելի նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրենք վարժական հավաքի, որպեսզի անհամաչափ ծանրաբեռնվածություններ չառաջանան հիմնարկների վրա: Հաշվի առնելով, որ նաև ընդհանուր առմամբ զորահավաքային պատրաստությունը շատ կարևոր է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ կարծում եմ, որ այդ հարցով կառավարության հետ զուգահեռ, նույնչափ պետք է հետաքրքրված և շահագրգռված լինեն և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտի կազմակերպությունները»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչև այս կարգավորումն էլ շատ գործատուներ պահպանել են աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը. «Անկախ որևէ կարգավորումից, գործատուների մի ստված զանգված, գիտակցելով խնդիրը, բարի կամքով պայմանագրային կարգով դա իրականացնում է»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ գործատուներին՝ գնահատելի քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2 ամսով՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշման ընդունում պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: