շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից. Պավլիկ Մանուկյանը՝ Կոմանդոսի մասին

Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից. Պավլիկ Մանուկյանը՝ Կոմանդոսի մասին

Ամենասարսափելին գիտե՞ք ինչն է, որ հայրենիք ստեղծողին, հայրենիքի համար պայքարողին այսօր ճանապարհում են հայրենիք հանձնողները: Այս մասին այսօր լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ՛՛Սասնա Ծռերի՛՛ գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից։ Յուրաքանչյուր հայի համար էլ շատ վատ է։ Հայաստանում ունեցանք իշխանություն, որն ահաբեկչական մի կառույց է. առավոտյան արթնանում ենք ասեղների վրա, ասեղների վրա էլ քնում ենք։

Նժդեհի խոսքը շատ տեղին է՝ ՛՛Մեռելներին չպաշտող ժողովուրդը դատապարտված է շատ ահավոր բանի՛՛, ինչին որ ականատես եղանք։ Ականատես եղանք նաեւ այն բանին, որ մեր այն սրբագույն տղաները, որոնք իրենց մարմնով կանգնեցրին այսպես կոչված՝ 44-օրյա պատերազմը, ես համարում եմ, որ հայ զինվորը աշխարհին դեմ գնաց, եւ ամենասարսափելին՝ ՀՀ դավադիր իշխանությանը։ Շատ ցավալի է, որ այսօր նման խոնարհ հերոսի գլխավերեւում դավաճաններն են եկել, կանգնել՛՛։

Լրագրողների հարցին՝ արդյոք կկարողանա՞նք ազատագրել Շուշին, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ միայն Շուշին. ՛՛Ես բոլորիդ խոստանում եմ, որ ոչ միայն Շուշին՛՛։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին, այսօր մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին նախատեսված է, որ Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

 

  • Կիսվել: