չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը

Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը

 ՀՀ զինված ուժերը մինչև հուլիսի 30-ը ներառյալ կհամալրվի նորակոչիկներով:

 Կենտրոնական հավաքակայանի անձնակազմը ներկայացրեց 2021 թվականի ամառային զորակոչի ընթացակարգը: Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի  կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակյանը նշեց, որ յուրաքանչյուր զորակոչից առաջ զինված ուժերում կազմվում է զինված ուժերի  համալրման պլան:
 

«Համալրման պլանի համաձայն՝ կատարվում է զորակոչիկների վիճակահանություն և զորամասերի համալրում: Չեմ կարող ասել, թե որ զորամասերն են համալրվում, որովհետև բացարձակ գաղտնի տեղեկություն է»,- նշեց գնդապետ Սահակյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալը ասաց, որ իրականացվում է վիճակահանություն, վիճակահանության թերթիկները  լցնում են համապատասխան թմբուկների մեջ:

«Յուրաքանչյուր թմբուկ նախատեսված է մեկ ուղղվածության համար: Վիճակահանությունը հեռարձակվում է, ծնողները տարածքային ստորաբաժանումներում նստած հետևում են վիճակահանության ընթացքին»,- հավելեց գնդապետ Սահակյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համալրման ընթացակարգին` Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի  կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակյանը ասաց, որ յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ժամանակ հայ-ռուսական 1994 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն հատկացվում է որոշակի քանակի ժամկետային զինծառայողներ Ռուսաստանի սահմանապահ զորքերում ծառայելու համար:

«Ռուսական կողմը զորակոչի ամբողջ ընթացքում Կենտրոնական հավաքակայանում ունենում են հանձնաժողով, ընտրում են իրենց չափորոշիչներին համապատասխան զորակոչիկներին, որոնք Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով  անպայմանորեն անցնում են վիճակահանություն»,- ասաց գնդապետ Սահակյանը:

  • Կիսվել: